Ապրիլի 1-ին լրացել է Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը։

Մրցույթի կազմկոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ մեծ հետաքրքրություն կա մրցույթի նկատմամբ։ Մասնակցության հայտ է ներկայացրել 13 երկրի 24 կոմպոզիտոր։ Հեղինակների աշխարհագրությունը բավականին լայն է. կոմպոզիտորները ներկայացնում են ԱՄՆ-ն, Բելառուսը, Բելգիան, Գերմանիան, Թուրքմենստանը, Իսրայելը, Իտալիան, Լեհաստանը, Հայաստանը, Հունաստանը, Միացյալ Թագավորությունը, Ռուսաստանի Դաշնությունը, Ուկրաինան։

Այս պահին մրցույթի հեղինակավոր ժյուրին ուսումնասիրում է կոմպոզիտորների ներկայացրած ստեղծագործությունները։ Հաղթողների անունները կհրապարակվեն մրցույթի եզրափակիչ փուլում՝ գալա համերգի ընթացքում, որը տեղի կունենա մայիսի 27-ին՝ ժամը 19.00, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։

Հիշեցնենք, որ Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթին կոմպոզիտորները պետք է ներկայացնեին ձայնի և մեկ կամ երկու գործիքի համար գրված ստեղծագործություն, որի տևողությունը պետք է լինի նվազագույնը 8, առավելագույնը` 12 րոպե: Ստեղծագործությունները պետք է գրված լինեն վերջին մեկ տարվա ընթացքում հայ միջնադարյան, դասական կամ ժամանակակից պոեզիայի հիման վրա: Տիգրան Մանսուրյանի անվան կոմպոզիտորների միջազգային մրցույթը նախաձեռնվել և անցկացվում է «Կողբ» հիմնադրամի կողմից։