Հայաստանում զինծառայողներին կարգելեն սմարթֆոններ օգտագործել ծառայության ժամանակ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում, Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Կարգապահական կանոնագրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, ապրիլի 12-ին ասել է հանրապետության պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
Ըստ նրա՝ բացառություններ կկազմեն այն դեպքերը, որոնք կորոշի պաշտպանության նախարարը։ «Բացի այդ, հանրային դժգոհության դրսեւորման հետ կապված հանրահավաքներին եւ նման այլ միջոցառումներին մասնակցության արգելք կմտցվի»,- ասել է Սարգսյանը։
Զինծառայողներին կարգելվի նաեւ հրապարակային կոչեր կամ հայտարարություններ անել այն հարցերի վերաբերյալ, որոնք վերաբերում են զինծառայությանը, ինչպես նաեւ քաղաքական հարցերին։ Ընդ որում՝ ինչպես անձամբ, անպես էլ կոլեկտիվ ձեւաչափով։
Բացի այդ, զինվորականներն առանց վերադասի թույլտվության իրավունք չեն ունենա տեղեկացնել կամ քննարկել ծառայության մասին տվյալներ, հրապարակել տեսանյութեր եւ լուսանկարներ ԶԼՄ-ներում, ինչպես նաեւ ինտերնետում։
Մեկ նորամուծություն էլ վերաբերում է պայմանագրով զինծառայողներին։ Նրանք հնարավորություն կստանան ծառայել 10 տարի՝ շեմային տարիքի հասնելուց հետո, պայմանագրի ամենամյա երկարացման սկզբունքով։ Միջին եւ ավագ օղակների նախկին սպաները նաեւ հնարավորություն կստանան վերադառնալ ծառայության՝ որպես պայմանագրային զինծառայողներ։
Զինծառայողի՝ կարգապահական գումարտակում գտնվելու ժամանակը ծառայության ժամկետ չի համարվի։





























