ԵՄ որոշ երկրների ղեկավարներ աջակցում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին այն հարցում, որ ԵՄ-ն պետք է ավելի ինքնուրույն եւ անկախ լինի ԱՄՆ-ից։ Այս մասին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը հայտարարել է ֆրանսիական La Faute a l'Europe-ին, գրում է Politico-ն։
«ԱՄՆ-ի հետ հարաբերությունների հարցում ակնհայտ է, որ կարող են լինել նրբություններ։ Որոշ եվրոպացի առաջնորդներ չէին ասի նույնը, ինչ ասել է Էմանուել Մակրոնը, բայց ես կարծում եմ, որ ոմանք իսկապես մտածում են նույն կերպ, ինչ Էմանուել Մակրոնը», - մեջբերում է թերթը Միշելի խոսքերը:
Միաժամանակ նա նշել է, որ ԵՄ-ն «կուրորեն չի հետեւում» ԱՄՆ-ին բոլոր հարցերում։
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 9-ին Les Echos-ին տված հարցազրույցում Չինաստան կատարած այցից հետո (ապրիլի 5-7) հայտարարել էր, որ Եվրոպային հարկավոր է նվազեցնել կախվածությունն ԱՄՆ-ից եւ խուսափել Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ Թայվանի հարցով հակամարտությանը ներգրավվելուց։
Ֆրանսիայի ղեկավարը համոզմունքն է հայտնել, որ Եվրոպան առաջին հերթին պետք է հետապնդի իր շահերը, այլ ոչ թե «հարմարվի աշխարհի այլ մասերի օրակարգին»։ Նա խոստովանել է, որ Եվրոպան վերջին տարիներին ավելի մեծ կախվածություն ունի ԱՄՆ-ից, սակայն կարծիք է հայտնել, որ ԵՄ-ն «հաղթել է մայրցամաքի ռազմավարական ինքնավարությունը մեծացնելու գաղափարական ճակատամարտում»։





























