Իրանի իշխանությունները Սիրիայում երկրաշարժից տուժածներին մարդասիրական օգնություն հասցնող ինքնաթիռներն օգտագործել են ռազմական սարքավորումներ ուղարկելու համար, պնդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Իսրայելի, Իրանի եւ Սիրիայի մի շարք աղբյուրների։
Միեւնույն ժամանակ, ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը, որին մեկնաբանության համար դիմել է Reuters-ը, հայտարարել է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Դրա հետ մեկտեղ, գործակալության զրուցակիցների տվյալներով, փետրվարի 6-ի երկրաշարժից հետո Դամասկոսի, Լաթաքիայի եւ Հալեպի սիրիական օդանավակայաններում վայրէջք են կատարել մի քանի հարյուր իրանական ինքնաթիռներ: Մարդասիրական օգնության անվան տակ նրանք տեղափոխում էին կապի առաջադեմ միջոցներ, ռադարների մարտկոցներ եւ պահեստամասեր, որոնք անհրաժեշտ էին սիրիական ՀՕՊ համակարգերի արդիականացման համար:
Իսրայելի պաշտպանության նախարարության աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ Իսրայելի իշխանություններին հայտնի է դարձել Սիրիա իրանական ռազմական տեխնիկայի տեղափոխման մասին, որը, որպես կանոն, մաս-մաս էր տեղափոխվում: Նրա խոսքով՝ բեռները հիմնականում հասցվել են Հալեպի օդանավակայան։
Իր հերթին, Reuters-ի անանուն աղբյուրը հայտնել է, «երկրաշարժը աղետ էր, սակայն այն նպաստել է նրան, որ իրանական կողմը կարողանա օգնել սիրիացի եղբայրներին թշնամու դեմ պայքարում»։ Նա պնդում է, որ երկրաշարժից հետո Սիրիա անմիջապես ուղարկվել է սպառազինության խոշոր խմբաքանակ։
Տեղեկությունը գործակալության հետ զրույցում հաստատել է նաեւ Սիրիայի զինված ուժերի սպան։ Դրան հաջորդած քաոսը թույլ է տվել իրանական ինքնաթիռներին անարգել վայրէջք կատարել Սիրիայի օդանավակայաններում։ Նա նաեւ նշել է, որ վերջին ամիսներին Իսրայելի կողմից Արաբական Հանրապետության տարածքում հարվածների հաճախականությունը զգալիորեն աճել է հենց այն պատճառով, որ հրեական պետության իշխանություններն իմացել են սպառազինությունների մատակարարման մասին:





























