Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Լիոնի քաղաքապետի հետ ժամանած պատվիրակությանը ապրիլի 11-ին հյուրընկալել են Քաղաքաշինության կոմիտեում:

Լիոն մետրոպոլի փոխնախագահ Պիեռ Աթանազի և ոլորտային մասնագետների հետ համագործակցության ուղիներն են դիտարկել Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը, տեղակալ Նունե Պետրոսյանը, մասնագիտական ստորաբաժանումների ներկայացուցիչները:

ՀՀ քաղաքաշինության կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ հյուրերն ընդգծել են քաղաքաշինությունը և կանաչապատումը համատեղելու կարևորությունը՝ կլիմայական փոփոխություններին դիմակայելու անհրաժեշտությունը հաշվի առնելով:

Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուները ներկայացրել են, որ Հայաստանի բոլոր մարզերի համար ներկայում մշակվող տարածական պլանավորման փաստաթղթերում, որոնք ուղենշում են համայնքների քաղաքաշինական զարգացումը, պարտադիր տեղ է հատկացված բնակավայրերի տարբեր նշանակության կանաչ գոտիների, հանրային տարածքների կազմակերպմանը: Դիտարկվել են նորմերում տեղ գտած կանաչապատմանը վերաբերող չափորոշիչները:

Լիոնի գործընկերները պատրաստակամություն են հայտնել գործող կարգավորումներն ուսումնասիրելուց հետո աջակցել հայաստանյան գործընկերներին Լիոնում կիրառվող իրենց փորձով՝ լուծելու կանաչապատման միջոցով քաղաքային միջավայում բարենպաստ միկրոկլիմայի ձևավորման խնդիրը: