Ֆրանսիայում կենսաթոշակային բարեփոխումների հակառակորդները թվով 12-րդ համազգային գործադուլն են անցկացնում: Ակցիան տեղի է ունենում մեկ օր առաջ, երբ Սահմանադրական խորհուրդը պետք է որոշում կայացնի կառավարության նախագծի լեգիտիմության մասին: Այն նախատեսում է կենսաթոշակի անցնելու տարիքը 62-ից հասցնել 64-ի, հաղորդում է Euronews-ը։

Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիայի առաջնորդ Սոֆի Բինեն լրագրողներին ասել է, որ բողոքի շարժումը շարունակվում է։ «Ես կարող եմ հաստատել, որ մենք դեռ շատ անգամ կհանդիպենք, եւ դուք դեռ կգաք մոբիլիզացիայի օրերին։ Այնպես որ, այս օրը հաստատ վերջինը չէ, եթե միայն Էմանուել Մակրոնը հետ չկանչի կենսաթոշակային բարեփոխումներն այսօր երեկոյան։ Այդ դեպքում դա կլինի վերջին օրը»,-ասել է նա։

«Իսկ վաղը մենք ձեզ կհրավիրենք մեծ երեկույթի»,-հավելել է Բինեն։ Այս հինգշաբթի աշխատանքի խափանումները ազդել են նավթավերամշակման գործարանների, հասարակական տրանսպորտի, կրթության ոլորտի եւ փոստային ծառայության վրա: Գործադուլի պատճառով խախտվել է նաեւ ավիացիոն հաղորդակցությունը։ Հաղորդվում է ավիաչվերթների մոտ 20 տոկոսի չեղարկման կամ ուշացման մասին։