Հաագայի արբիտրաժային տրիբունալը Ռուսաստանին պարտավորեցրել է 5 մլրդ դոլար վճարել «Նավթագազին»՝ Ղրիմում օբյեկտների բռնագրավման համար: Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ընկերության ղեկավար Ալեքսեյ Չեռնիշեւը։

Այսպիսով, Ռուսաստանը պետք է փոխհատուցի այն վնասները, որոնք ընկերությունը կրել է 2014 թվականին Ղրիմի բռնակցման արդյունքում, վճռել է դատարանը:  

Խոսքը գազի հանքավայրերի մշակմանն ու ռազմավարական նշանակություն ունեցող այլ ենթակառուցվածքի զարգացմանն ուղղված ակտիվների փոխհատուցման մասին է, որը ագրեսորի գլխավոր թիրախներից մեկն է դարձել ինը տարի առաջ ուկրաինական թերակղզու օկուպացիայի ժամանակ, նշել է Չեռնիշեւը։

Ինչպես նշել է «Նավթագազի» մամուլի ծառայությունը, վճարումը կարող է կատարվել հարկադրաբար: Այսինքն՝ տրիբունալի որոշումը կատարելուց ռուսական կողմի հրաժարվելու դեպքում ընկերությունը կարող է «որոշման ճանաչման եւ հարկադիր կատարման ընդունման գործընթաց սկսել այն պետությունների տարածքում, որտեղ գտնվում են Ռուսաստանի Դաշնության ակտիվները»։        

Դատարանը վճռել է, որ հինգ միլիարդ դոլար գումարը արդարացիորեն արտացոլում է  «Նավթագազի» ակտիվների արժեքը՝ նախքան Ռուսաստանի կողմից դրանց բռնագրավումը։

Նշվում է, որ սա ամենամեծ գումարն է, որը Հաագայի արբիտրաժային տրիբունալի կողմից շնորհվել է ուկրաինական ընկերությանը՝ որպես փոխհատուցում Ռուսաստանի կողմից Ղրիմում ակտիվների օտարմանը։

«РБК-Украина»-ն գրում է, որ 2019 թվականին Հաագայի արբիտրաժային տրիբունալը խոստովանել է, որ Ռուսաստանն ապօրինաբար բռնագրավել է Ղրիմում «Նավթագազի» ունեցվածքը, իսկ 2022 թվականին սկսել է լսումներ փոխհատուցման չափերի վերաբերյալ։ Ընկերությունը պահանջել է 10 միլիարդ։