Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատունը Ղրիմից ծանրոց է ստացել, որում ոսկորներ են եղել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում իր աղբյուրը, ինչպես նաեւ Baza թելեգրամ-ալիքը։ Ըստ աղբյուրների՝ ծանրոցի մասին ոստիկանությանը հայտնել են նախօրեին։ Ուղարկողի անունը Նոտարիանի է, նա Ղրիմից է։ Կասկածելի ծանրոցը, ինչպես նշել են աղբյուրները, դուրս են բերել դեսպանատնից, որից հետո դրա հետազոտությամբ զբաղվել են իրավապահները:

«Արտաքնապես դա «Ռուսաստանի փոստի» սովորական սպիտակ փաթեթ էր, բայց սքանավորման ժամանակ աշխատակիցները դրա ներսում գտել են ոսկորներ եւ ներարկիչ։ Այդ ժամանակ դեպքի վայր են կանչել ոստիկաններին»,-գրում է ալիքը։ Ծանրոցի ներսում եղել են կենդանու կամ թռչնի ոսկորներ, նշում է ալիքը։

Առաջին նման դեպքը տեղի է ունեցել 2022 թվականի հունիսին. ծանրոցի ներսում ոսկորներ են եղել եւ ֆրանսերենով նամակ, որ դրանք «Ղրիմից հուշանվերներ են», երկրորդը՝ դեկտեմբերին, երբ ծանրոցի ներսում սատկած մուկ ու սարդ են հայտնաբերել։ Երկու դեպքում էլ ստուգումներ են սկսվել, սակայն դրանց արդյունքները հայտնի չեն։ Բոլոր երեք ծանրոցներն էլ ուղարկվել են Պետրո Նոտարիանիի անունից։ Նա իտալացի պրոդյուսեր էր, որն աշխատել է ռեժիսոր Լուկինո Վիսկոնտիի «Աստվածների մահը» եւ «Ընձառյուծը» ֆիլմերի, ինչպես նաեւ Ֆեդերիկո Ֆելինիի «Հարցազրույց» ֆիլմի վրա։ Մահացել է 2006 թվականին։