ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը կոչ է արել Վրաստանին փորձել մոտ ժամանակերս լուծել խնդիրները Ռուսաստանի հետ` կապված այդ երկրի Առեւտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամակցության հետ:
«Ինչպես նախորդ շաբաթ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ, Քլինթոնը կոչ է արել Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեին առավելագույն օգուտ քաղել Շվեյցարիայի միջնորդական առաջարկից եւ փորձել առաջիկա 1,5 շաբաթում հասնել առաջընթացի` մնացած խնդիրները լուծելու հարցում»,- ասված է ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության մեջ:
Ռուսաստանը 1993-ից փորձում է դառնալ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ: 2008-ի ապրիլի վերջից Վրաստանը դուրս է եկել ԱՀԿ-ին ՌԴ անդամակցության վերաբերյալ բանակցություններից, դրանով բողոքելով Ռուսաստանի նախագահի հրամանագրի դեմ, որով հանվում են տնտեսական պատժամիջոցները Աբխազիայի եւ Հարավային Օսիայի նկատմամբ:
Վրաստանի եւ Ռուսաստանի բանակցությունները` ԱՀԿ-ին անդամակցելու շուրջ վերսկսվել են այս տարվա մարտին` Շվեյցարիայի միջնորդությամբ:




























