Թուրքիայի եւ Իսրայելի հետ իր արտաքին կապերն ամրապնդելու հարցում Ադրբեջանը պետք է ընտրի երկու ուղղություններից մեկը: Այսօր` սեպտեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այսպիսի կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նա նշել է, որ չնայած թուրք-իսրայելական հարաբերությունների լարմանը, Իսրայելի եւ Ադրբեջանի շփումները վերջին ժամանակներս ակտիվ են մնում: Մասնավորապես, որոշ ժամանակ առաջ, Բաքու է այցելել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը:

«Սակայն, վաղ թե ուշ, Ադրբեջանն ընտրության առաջ է կանգնելու: Այստեղ, կարծում եմ, Բաքուն առավել հավանական է, որ կարդարացնի Թուրքիայի, քան Իսրայելի սպասումները: Ավելին, արդեն հայտարարել է, որ մտադիր է քվեարկել Պաղեստինի անկախության օգտին: Այս ամենով հանդերձ, Իսրայելի հետ գործակցությունը չի մերժվում»,- ասել է Մանոյանը:

Հետաքրքիրն այն է, որ Իսրայելը նման երկվությանը չի ընդդիմանում, նկատել է դաշնակցական գործիչը: Նրա խոսքով, ՄԱԿ-ի շրջանակներում, Ադրբեջանը մոտ ապագայում ավելի քիչ ագրեսիվ դիրքորոշում կորդեգրի, քան սովորաբար, քանի որ մտադիր է առաջադրվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ: