2011 թ. 9 ամսում ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պատասխանատվության միջոց կիրառելու 87 որոշում է ընդունել, տուգանքների ընդհանուր ծավալը կազմել է 230 մլն դրամ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում այսօր` սեպտեմբերի 27-ին հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը: Նրա խոսքով` նախորդ տարիներին նման որոշումների թիվը մոտ 30 էր, իսկ տուգանքները չէին գերազանցույմ 10-15 մլն դրամը:
Ըստ ՏՄՊՊՀ նախագահի` որոշումների մեծ մասը դատարանում բողոքարկվում են տնտեսվարող սուբյեկտների կողմից: Այդ միտումը հատկապես ցայտուն է դրսեւորվում 2011 թ., քանի որ պատասխանատվության միջոցները մրցակցության կանոնների խախտման համար էապես խստացվել են: Այդ պատճառով, ըստ Ա. Շաբոյանի, շատ կարեւոր է դատական համակարգի դերը, դատավորները պետք է քաջատեղյակ լինեն մրցակցային դաշտի խնդիրներին: Ի դեպ` Երեւանում այսօր Եվրամիության փորձագետների եւ հայաստանյան դատավորների մասնակցությամբ տեղի ունեցավ սեմինար-քննարկում` նվիրված հենց դատական համակարգում մրցակցությանը առնչվող խնդիրներին:
Նշենք, որ ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Մաթեւոսյանը կտրականապես մերժեց լրագրողների հետ հանդիպելու հրավերը, պատճառաբանոլով, որ իրեն պետք էր 3 օր առաջ տեղյակ պահել այդ մասին, բացի այդ` ինքը որպես դատավոր միայն դատարանի դահլիճում է հրապարակում իր եզրակացությունները:Փոխարենը որոշ պարզաբանումներ տվեց ՀՀ վարչական դատարանի դատավոր Արգիշտի Ղազարյանը, որն իր վարույթում մրցակցության հետ կապված գործեր չուներ: Նա էլ համոզված նշեց, որ մեր դատական համակարգը բավականաչափ կոմպետենտ է մրցակցությանը վերաբերող հարցերում:
Ինչ վերաբերում է նրան, որ անբարեխիղճ մրցակցության հետ կապված որոշ դատական գործեր բավական երկար են տեւում (1 տարուց ավելի), Ա. Ղազարյանն ասաց, որ յուրաքանչյուր գործ պահանջում է օբյեկտիվ քննություն, չկա այնպիսի սահման, որով գործի առանձնահատկությունը կառանձնացվի:




























