Վերաքննիչ դատարանը՝ (դատական կազմը՝ դատավորներ Մ.Արղամանյան, Գ.Հովհաննիսյան և Ռ.Պապոյան) քիչ առաջ բավարարեց «Պատմության ուսուցչի գործով» մեր վերաքննիչ բողոքը, բեկանեց առաջին ատյանի դատարանի մեղադրական դատավճիռը և կայացրեց արդարացման դատավճիռ։ Դատավոր Արղամանյանը ներկայացրել է չհամընկնող հատուկ կարծիք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր, փաստաբան Ռուբեն Մելիքյանը:
«Հիշեցնեմ, որ Առաջին ատյանի դատարանի դատավճռով (նախագահող՝ դատավոր Մ.Մարտիրոսյան) «բռնության կոչերի» քաղաքական հոդվածով Հակոբ Գրիգորյանը դատապարտվել էր տուգանքի»,-հավելել է նա:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցի պատմության ուսուցիչ Հակոբ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 226.2 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ պաշտոնեական դիրքն օգտագործելով` բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը։
Համաձայն դատախազության մեղադրական եզրակացության՝ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Երևան քաղաքի Հր. Քոչար 29 հասցեում գործող Գայի անվան թիվ 129 հիմնական դպրոցում որպես պատմության ուսուցիչ, համաձայն չլինելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության հետ և քաղաքական այլ հայացքներ ունենալու հանգամանքով պայմանավորված, 2021 թվականի մայիսի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, 7-րդ դասարանի պատմության դասաժամին, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, աշակերտների ներկայությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ արել է բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, այն է՝ հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին պետք է սպանել, նրան և նրա ընտանիքին պետք է հրապարակում վառել։





























