Թուրքական Baykar պաշտպանական ընկերությունը, որը ТВ-2 անօդաչուների արտադրողն է, մտադիր է հաջորդ տարի սկսել իր նոր անօդաչու մարտական ինքնաթիռի արտադրությունը, որն արդեն միջազգային հետաքրքրություն է առաջացրել։ Այս մասին հայտարարել է ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սելչուկ Բայրաքթարը, փոխանցում է Reuters-ը:
Նոր անօդաչուն, որը ստացել է Kizilelma անվանումը, ընդլայնում է ընկերության արտադրանքի տեսականին։
«Այն մշակված է որպես բարձր ինքնավար օդ-օդ դասի մարտական մեքենա»,-ասել է Բայրաքթարը, որը ղեկավարում է 15 մետրանոց ռեակտիվ շարժիչով անօդաչուի մշակումը։
Baykar-ը նախատեսում է հաջորդ տարի փոքր քանակությամբ արտադրություն սկսել: Kizilelma-ն իր առաջին թռիչքը կատարել է դեկտեմբերին, եւ այս ամիս սկսվել են թռիչքային փորձարկումները այլ Baykar անօդաչուի հետ։
Սարքը պատրաստ է փորձնական թռիչքներ սկսել մարդատար ինքնաթիռների հետ միասին։
Նոր անօդաչուն արդեն պահանջարկ ունի արտերկրում՝ չնայած դրա մասնագիտացված հնարավորությունները թույլ են տալիս այն ուղարկել ավելի քիչ արտահանման շուկաներ:
Բայրաքթարը, ով ամուսնացած է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի դստեր հետ, ելույթ է ունեցել իր հիմնադրամի կողմից կազմակերպված օդատիեզերական եւ տեխնոլոգիական փառատոնի շրջանակներում:
Բարձր մակարդակի ռազմական նախագծերը կարեւոր տեղ են զբաղեցնում Էրդողանի նախընտրական քարոզարշավում։ «Անօդաչուն դիտարկում եմ որպես ազգային ձգտման կուլմինացիա եւ արտադրանք, որով մենք աշխարհին հայտարարում ենք, որ մեր երկիրը ոչ միայն խաղացող է, այլ խաղ ստեղծող»,-ասել է Բայրաքթարը։




























