Պարենամթերքի համաշխարհային գների նվազման հետեւանքով գները նվազում են նաեւ Հայաստանում։ Այս մասին այսօր՝ մայիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Նրա կանխատեսմամբ՝ ապագայում ինֆլյացիայի մակարդակը թիրախային 4 տոկոսից ցածր կլինի։
«Հայաստանում գների անկումը պայմանավորված է նաեւ կոշտ դրամավարկային քաղաքականությամբ, ինչպես նաեւ կորոնավիրուսից հետո առաջարկի աճով»,-նշեց նա։
ԿԲ նախագահը հավելեց, որ արտաքին պահանջարկի աճի եւ աշխատավարձի աճի պատճառով Հայաստանում աճում են ծառայությունների գները՝ ամսական կտրվածքով 6-8 տոկոսով, իսկ տարեկան կտրվածքով՝ 12 տոկոսով։
Հայաստանում աշխատավարձերի աճը, նրա խոսքով, առաջ է անցել ոչ միայն իրական ՀՆԱ-ի, այլեւ արտադրողականության աճից։
Գալստյանն ընդգծեց, որ ՀՆԱ-ում ՏՏ մասնաբաժինը քառապատկվել է, Հայաստան եկած մասնագետներն այս ոլորտում բարձր աշխատավարձ են ստանում:





























