ՄԱԿ-ը քննդատել է թալիբներին (կազմակերպությունն արգելված է Ռուսաստանում) հրապարակային մահապատիժներ իրականացնելու, մտրակելու եւ քարկոծելու համար եւ կոչ է արել Աֆղանստանի իշխանություններին դադարեցնել նման պրակտիկան: Ինչպես հաղորդում է The Washington Post-ը, ՄԱԿ-ի Աֆղանստանի աջակցության առաքելության զեկույցի համաձայն՝ միայն վերջին վեց ամիսների ընթացքում Աֆղանստանում հրապարակայնորեն մտրակել են 274 տղամարդու, 58 կնոջ եւ երկու տղայի:

«Մարմնական պատիժը խոշտանգումների դեմ կոնվենցիայի խախտում է եւ պետք է դադարեցվի»,-հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների մոնիթորինգային առաքելության ղեկավար Ֆիոնա Ֆրեյզերը: Նա նաեւ կոչ է արել անհապաղ մորատորիումի ենթարկել մահապատիժները։  

Թալիբները սկսել են մարմնական պատիժ կիրառել գրեթե երկու տարի առաջ իշխանության գալուց անմիջապես հետո։ Միեւնույն ժամանակ, նրանք աստիճանաբար խստացրել են սահմանափակումները կանանց համար՝ թույլ չտալով նրանց մտնել հասարակական վայրեր, ինչպիսիք են զբոսայգիները եւ մարզասրահները։

ՄԱԿ-ի զեկույցում ասվում է, որ թալիբների կողմից իշխանությունը զավթելուց հետո առաջին հրապարակային մտրակումը տեղի է ունեցել 2021 թվականի հոկտեմբերին․ ամուսնական դավաճանության համար դատապարտված կինն ու տղամարդը 100-ական անգամ հրապարակայնորեն մտրակներով ծեծի են ենթարկվել: