Ուկրաինայի ու Լեհաստանի մերձեցումը եւ Գերմանիայից պատերազմական ռազմատուգանքներ ստանալու վերջինիս փորձերը ԵՄ-ին սպառնում են լուրջ պառակտմամբ եւ առճակատմամբ, գրում է InfoBrics-ը։
«Եվրոպայի հենց սրտում գերմանա-լեհական թշնամություն է: Վարշավան դատական արշավ է սկսել Բեռլինի դեմ՝ պատերազմի ժամանակաշրջանի ռազմատուգանքներ պահանջելով։ ԵՄ-ում վերջինիս կարեւոր դերի մասին տհաճ հռետորաբանությունը դարձել է այս թշնամանքի մի մասը։ Վեճերը կապված են պատմական տարաձայնությունների հետ, բայց ունեն նաեւ խորը աշխարհաքաղաքական հետեւանքներ», -նշվում է հոդվածում։
Հրատարակությունը հիշեցնում է, որ 2021 թվականին ավարտվեց «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությունը, որին ի սկզբանե դեմ էին ԱՄՆ-ն, Լեհաստանը եւ Ուկրաինան։ Միեւնույն ժամանակ, Գերմանիան եւ ԵՄ մյուս խոշոր տերությունները երբեք չէն ցանկացել դառնալ Ռուսաստանի թշնամիները, նաեւ այն պատճառով, որ էներգետիկայի ոլորտում Մոսկվայի հետ համագործակցությունը միշտ եղել է ռազմավարական նշանակության հարց, ընդգծում է հեղինակը։
Այս էներգետիկ խնդիրը, ինչպես նաեւ ամերիկյան բնապահպանական սուբսիդիաները, որոնք ոչնչացնում են եվրոպական արդյունաբերությունը, մտահոգիչ ազդանշան են դարձել շատ եվրոպական առաջնորդների համար, նշվում է հոդվածում։
Այս ֆոնին Վարշավան վաղուց փայփայում է Արեւելյան Եվրոպայում ԱՄՆ ռազմական ներկայության գլխավոր հենակետը դառնալու երազանքը։ Իսկ այսօրվա հակամարտությունն Ուկրաինայում բավականին համահունչ է նման նկրտումներին։ Դրա մեկ այլ վկայություն կարելի է համարել ուկրաինա-լեհական կոնկրետ քայլերը կոնֆեդերացիայի ստեղծման ուղղությամբ. դրանք ինչպես Լեհաստանի, այնպես էլ Ուկրաինայի օրինագծերն են, որոնք փոխադարձաբար հատուկ կարգավիճակ են տալիս հարեւան ազգի քաղաքացիներին, գրում է InfoBrics-ը։
Այսպիսով, ստեղծվող լեհ-ուկրաինական դաշինքը կարող է նշանակել ԵՄ աշխարհաքաղաքական ծանրության կենտրոնի տեղափոխություն դեպի արեւելք, որն այժմ գտնվում է Ֆրանսիայում եւ Գերմանիայում: Սակայն դա սպառնում է հարվածել եվրոպական ռազմավարական ինքնավարությանը, նշվում է հոդվածում։





























