Անկարան հրաժարվել է ԱՄՆ-ի խնդրանքով Ռուսաստանից գնված հակաօդային պաշտպանության С -400 համակարգերը փոխանցել Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն, փոխանցում է Անատոլիական գործակալությունը։
Չավուշօղլուի խոսքով՝ Թուրքիան համարել է, որ С -400-ի հետ կապված առաջարկները հակասում են ազգային ինքնիշխանությանը։ Նախարարն ասել է, որ Վաշինգտոնն առաջարկել է նաեւ ԱՄՆ-ին փոխանցել համալիրների կառավարումը։
Թուրքիան ռուսական համալիրների մատակարարման մասին պայմանագիրը ստորագրել է 2017 թվականին, գործարքը գնահատվել է 2,5 միլիարդ դոլար։ 2019 թվականին Անկարան ստացել է C-400-ի առաջին գունդը։ ԱՄՆ-ն դեմ էր արտահայտվել գործարքին, Դոնալդ Թրամփի վարչակազմը պատժամիջոցներ էր սահմանել Թուրքիայի դեմ եւ նրան հանել նոր սերնդի F-35 կործանիչների արտադրության ծրագրից։





























