Մայիսի 8-ին ԱԳ նախարարի տեղակալներ Վահե Գեւորգյանը եւ Վահան Կոստանյանն ընդունել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ից:
Ըստ հաղորդագրության՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել մայիսի 1-4-ը Վաշինգտոնում տեղի ունեցած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բարյամովի միջեւ տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ:
ԱԳ նախարարի տեղակալները եւս մեկ անգամ ներկայացրել են հայկական կողմի դիրքորոշումները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման շրջանակներում սկզբունքային խնդիրների վերաբերյալ։
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտմամբ Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակմանը եւ Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամին` վերահաստատվել է Հարավային Կովկասի կայունությամբ շահագրգիռ գործընկերների կողմից գործուն քայլերի իրականացման անհրաժեշտությունը։





























