Ուկրաինայի հակամարտությունը վերամիավորել է անդրատլանտյան դաշինքը՝ միաժամանակ բացահայտելով աշխարհի այլ մասերի հետ տարաձայնությունները: ԵՄ  դիվանագիտական ​​ծառայության կայքի իր բլոգում նման հայտարարությամբ է հանդես եկել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Վտանգ կա, որ այդ անջրպետը կխորանա եւ կվերածվի լուրջ պառակտման։ Թեեւ մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինային, մենք պետք է ավելին անենք՝ մնացած աշխարհի օրինական ակնկալիքները հաշվի առնելու համար», - ասել է եվրոպացի դիվանագետը:

Բորելի խոսքով՝ նախ ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ կա ռազմավարական մրցակցություն՝ առեւտրի, տեխնոլոգիաների եւ անվտանգության, ինչպես նաեւ հասարակության եւ կառավարման մրցակցային մոդելների հարցերում հետզհետե  ավելացող բախումներով: «Շատ առումներով սա  ժամանակակից աշխարհի հիմնական կառուցվածքային ուժն է», - կարծում է նա:

«Երկրորդ, մենք տեսնում ենք, որ բաց շուկաներով, առեւտրային ինտեգրմամբ եւ փոխկախվածությամբ գլոբալացման մոդելին մարտահրավեր է նետում տնտեսական անվտանգության, արդյունաբերական քաղաքականության եւ կառավարության միջամտության վրա հիմնված մոդելը: Անվտանգության նկատառումները ստվերում են տնտեսական ինտեգրումը: Վստահությունն ու լավատեսությունը տեղի են տալիս անվստահությանն ու հոռետեսությանը»,- ընդգծել է Բորելը։

Ըստ նրա՝ հայտնի չէ՝ աշխարհը երկբեւեռ է լինելու, թե բազմաբեւեռ։

«Մենք պետք է կերտենք ապագան զարգացող աշխարհի երկրների եւ ժողովուրդների հետ միասին՝ Աֆրիկայում, Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում եւ Լատինական Ամերիկայում: Կախված նրանից, թե անվտանգության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի, համացանցի կառավարման կամ կարեւոր հումքի արտահանման վերաբերյալ ինչպիսի միջոցներ նրանք կընտրեն, որոշիչ կլինի աշխարհի համար նույնքան, որքան Վաշինգտոնի եւ Պեկինի կայացրած որոշումները»,-կարծում է ԵՄ դիվանագիտության ղեկավարը։