Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Լիզ Թրասը մտադիր է հաջորդ շաբաթ այցելել կղզի եւ հանդիպել Թայվանի ղեկավարության ներկայացուցիչների հետ։ Իր գալիք ուղեւորության մասին Թրասը, որը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է ընդամենը մեկուկես ամիս, հայտարարել է երեքշաբթի առավոտյան։
«Թայվանը ազատության եւ դեմոկրատիայի լուսատուն է։ Ես անհամբերությամբ սպասում եմ անձամբ Թայվանի բնակիչներին հայտնելու իմ համերաշխությունը՝ Պեկինի վարչակարգի էլ ավելի ագրեսիվ գործողությունների եւ հռետորաբանության ֆոնին»,- նշվել է նրա տարածած հայտարարությունում։
Թրասը, որն այժմ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատը շարքային պատգամավոր է, բայց 2021-2022թթ. գլխավորել է թագավորության ԱԳՆ-ն, մտադիր է ելույթ ունենալ Prospect Foundation (Yuanjing Jijinhui) վերլուծաբանական կենտրոնում։ Ապրիլին այն Պեկինի կողմից մտցվել է պատժամիջոցների ցուցակում անջատողականության քարոզչության եւ «մեկ Չինաստան» սկզբունքի խախտման պատճառով։ Այս տարի ավելի վաղ Թրասն արդեն ելույթ ունեցել էր Վաշինգտոնում եւ Տոկիոյում՝ արեւմտյան պետություններին ու նրանց դաշնակիցներին կոչ անելով ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել Չինաստանի հանդեպ։
Ինչպես նշել է The Guardian թերթը, կենտրոնանալով արտաքին քաղաքական օրակարգի եւ ուլտրաձախ հայացքների քննադատության վրա՝ Թրասը փորձում է վերածնել իր քաղաքական կարիերան։ Անցած տարվա սեպտեմբերի 6-ին նա դարձավ վարչապետ, եւ սպասվում էր, որ կոշտ գիծ է վարելու Պեկինի հարցում եւ Չինաստանը կհայտարարի անվտանգության սպառնալիք Միացյալ Թագավորության համար, ինչպես հիմա Լոնդոնը պաշտոնական մակարդակով բնութագրում է միայն Ռուսաստանին։ Սակայն արդեն հոկտեմբերի 25-ին Թրասը գործընկերների ճնշմամբ թողեց պաշտոնն այն բանից հետո, երբ նրա ներկայացրած տնտեսական պլանը խուճապ առաջացրեց շուկաներում։





























