Չինաստանը վճռական բողոք է հայտնում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ կապված ԱՄՆ-ի կոչի հետ՝ թույլ տալ Թայվանին մասնակցել իր ղեկավար մարմնի տարեկան ժողովին: Այդ մասին չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՉԺՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը: 

Երեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կոչ է անում Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը թույլ տալ Թայվանին մասնակցել իր ղեկավար մարմնի տարեկան ժողովին: 

«Վճռական անհամաձայնություն ենք հայտնում ամերիկյան կողմի համապատասխան հայտարարության հետ»,-ասել է Վենբինը: Դիվանագետն ընդգծել է, որ «աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան», եւ Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է: Նրա խոսքով՝ Թայվանի մասնակցությունը միջազգային կազմակերպություններին, այդ թվում՝ ԱՀԿ գործունեությանը, պետք է իրականացվի «մեկ Չինաստանի սկզբունքին համապատասխան»:

Վան Վենբինը նաեւ հայտարարել է, որ Չինաստանը կոչ է անում ԱՄՆ-ին հետեւել «մեկ Չինաստանի» սկզբունքին եւ երեք չին-ամերիկյան համատեղ կոմյունիկեի դրույթներին, պահպանել միջազգային իրավունքը եւ կատարել ԱՄՆ առաջնորդների ստանձնած պարտավորությունները՝ չաջակցելու Թայվանի անկախությանը, ինչպես նաեւ դադարեցնելու Առողջապահության համաշխարհային վեհաժողովի օգտագործումը Թայվանի հետ կապված հարցերը ուռճացնելու համար։