Պակիստանի դատարանը «Ալ Քադիր» հիմնադրամի գործով 8 օրով կալանավորել է նախկին վարչապետ Իմրան Խանին, հաղորդում է Dawn հեռուստաալիքը:
Դատարանը նաեւ մեղադրանք է առաջադրել նախկին վարչապետին օտարերկրյա պետությունների ղեկավարներից նվերները վաճառելու գործով:
Նախկին վարչապետը դատավորներին է ներկայացել Իսլամաբադի ոստիկանական բաժանմունքում, որին երեքշաբթի երեկոյան դատարանի կարգավիճակ է տրվել որպես «մեկանգամյա թույլտվություն»։
Պակիստանի նախկին վարչապետ Իմրան Խանը երեքշաբթի ձերբակալվել է հաշվետվությունների ազգային բյուրոյի աշխատակիցների կողմից «Ալ Քադիրի» գործով: Հետաքննության վարկածով՝ Խանը կնոջ եւ իր կուսակցության առաջնորդների հետ «Ալ Քադիր համալսարան» ստեղծելու համար թրասթ է հիմնել եւ իր գործողություններով 50 մլրդ ռուփիի վնաս հասցրել Պակիստանի գանձարանին: Խանի ձերբակալությունից անմիջապես հետո նրա կուսակցությունը կոչ է արել զանգվածային հանրահավաքներ անցկացնել ամբողջ երկրում:
2022 թվականի հոկտեմբերին Պակիստանի ընտրական հանձնաժողովը Խանին զրկել է խորհրդարանական մանդատից, Ինչպես նաեւ երկրի ինչպես դաշնային, այնպես էլ տարածաշրջանային օրենսդիր մարմիններում ընտրվելու եւ նշանակվելու իրավունքից հինգ տարվա ընթացքում: Հանձնաժողովը նման որոշում է կայացրել Խանի նկատմամբ՝ նրան մեղավոր ճանաչելով Թոշախանում (Պակիստանի պետական գանձարան) պահվող 52 արժեքների վաճառքի, ինչպես նաեւ անձամբ իր ստացած նվերների մասին տեղեկությունները թաքցնելու մեջ: Ներկայիս վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ Խանը Դուբայում վաճառել է 140 մլն պակիստանյան ռուփի (ավելի քան 630 հազար դոլար) ընդհանուր արժողությամբ պետական գանձեր:





























