ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը Լեհաստանի՝ Կալինինգրադը «անվանափոխելու» որոշումից հետո առաջարկել է լեհական քաղաքների անվանումների իր տարբերակները, իսկ երկիրն առաջարկել է անվանել «Վարշավայի դքսություն կամ Լեհաստանի Թագավորություն ՌԴ-ի կազմում՝ որպես ռուսական կայսրության իրավահաջորդ», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

TVN հեռուստաալիքի տվյալներով՝ դեռեւս ապրիլի 12-ին Լեհաստանի սահմաններից դուրս աշխարհագրական անվանումների ստանդարտացման հանձնաժողովը որոշում է կայացրել, որ «Կալինինգրադ ռուսական անվանումով քաղաքի համար խորհուրդ է տրվում միայն լեհական Կրուլեւեց անվանումը եւ խորհուրդ չի տրվում լեհերենում օգտագործել Կալինինգրադ անվանումը»։ Երեկ այդ որոշումն ուժի մեջ է մտել։

«Լեհ ռուսատյացները ցանկանում են բոլորին պատմություն սովորեցնել։ Նրանց դուր չի գալիս Կալինինգրադ անվանումը։ Դրա փոխարեն առաջարկում են գրել Կռուլեւեց։ Դե, այդ դեպքում ոչ մի Կրակով։ Միայն Krakau։ Ոչ մի Գդանսկ։ Միայն Danzig։ Ոչ մի Շչեցին։ Միայն Stettin։ Ոչ մի Պոզնան: Միայն Posin. Ոչ Մի Վրոցլավ: Միայն Breslau»,-գրել է Մեդվեդեւը Twitter-ի իր էջում։

«Ցանկը կարելի է երկար շարունակել։ Եվ, իհարկե, ոչ մի Լեհաստան: Միայն Վարշավայի դքսություն կամ Լեհաստանի Թագավորություն Ռուսաստանի Դաշնության կազմում՝ որպես ռուսական կայսրության իրավահաջորդ»,-նշել է նա՝ գրառումն ուղեկցելով ժպտացող էմոջիով։