Թաունհաուսը Վաշինգտոնում (Կոլումբիայի օկրուգ), որտեղ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օմաբան ապրել է սենատոր եղած ժամանակ, 1,27 մլն դոլարով հանվել է վաճառքի, տեղեկացրել է Mansion Global-ը։

Թաունհաուսը բազմաբնակարան տուն է՝ երկու բնակելի շինություններով. բնակարան առաջին հարկում, որտեղ ապրել է Բարաք Օբաման, եւ երկհարկանի տուն դրա վրա։ Տունն ունի երկու ննջարան, խոհանոց՝ մառանով, սանդղավանդակ եւ հետեւի բակ տանող ելք։ Ռիելտոր Լինդա Փետիի խոսքով՝ տունն էլիտար չէ, բայց գտնվում է շատ հաջող տեղում. Կապիտոլիումից մեկ կիլոմետր հեռու, այն Սթենտոն փարքից բաժանում է ընդամենը մեկ փողոց։ Բացի այդ, նոր սեփականատերերը կարող են ընկերների մոտ պարծենալ, որ ապրում են այն տանը, որտեղ մի ժամանակ ապրել է ԱՄՆ նախագահը։

Պարբերականի տվյալներով՝ Բարաք Օբաման առաջին հարկի բնակարանում ապրել է դեռ 2005թ.։ 2008թ. այս տեղը նա անվանել է «վինտաժային ուսանողական հանրակացարան, որտեղ միշտ եղել են պիցցա եւ դատարկ շշեր»։ Օբաման այստեղից տեղափոխվել է իր առաջին նախագահական ընտրարշավի ժամանակ՝ անվտանգային նպատակներով։