Դուբայի ավիացիոն իշխանությունն արգելել է «FlyOne Armenia» ավիաընկերության՝ Երեւան-Դուբայ չվերթը սպասարկող ինքնաթիռին վայրէջք կատարել Դուբայում, այժմ ինքնաթիռը վերադառնում է Երեւան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ավիաընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

«Ինքնաթիռը վայրէջք է կատարել Իրանում, մի քանի ժամ մնացել է, հիմա 37 հոգու տեղափոխող ինքնաթիռը Երեւան վերադարձի ճանապարհին է, մի քանի ժամից կլինի այստեղ»,- նշեց Անանյանը։

Անանյանի վստահեցմամբ՝ ավիափոխադրողն ունեցել է թռիչքի բոլոր թույլտվությունները եւ անհրաժեշտ փաստաթղթերը։

«Մենք անխտիր բոլոր փաստաթղթերն ունեցել ենք։ Պատճառը մենք չպետք է մեկնաբանենք, այլ մերժող կողմը։ Իրենք չեն ասել պատճառը։ Մենք բոլորին տեղեկացրել ենք եւ փորձում ենք ամբողջական տեղեկություն ստանալ, թե ինչու չի թույլատրվել մեր վայրէջքը»,- ասաց Արամ Անանյանը։