Հայաստանում Ռուսաստանի Արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը մայիսի 16-ին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամի դիպլոմ եւ կրծքանշան է հանձնել Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ, Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի հիմնադիր եւ նախագահ Գեւորգ Պողոսյանին։ Այս մասին տեղեկացրել է Հայաստանում ՌԴ դեսպանությունը։

«Դիվանագիտական առաքելության ղեկավարը  նշել է Գ.Ա. Պողոսյանի գիտական եւ հասարակական երկարամյա բեղուն աշխատանքը, ինչպես նաեւ նրա զգալի ավանդը հասարակական գիտությունների եւ այդ ոլորտում հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում»,- նշվել է հաղորդագրությունում։