Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն մեղադրել է գործող նախագահ Ռեջեփ Էրդողանին TRT հեռուստաալիքով ցուցադրված տեսանյութի մասին Էրդողանի արտահայտությունից հետո, հաղորդում է Reuters-ը:

Տեսանյութում կադրեր են Քըլըչդարօղլուի եւ ոմն քուրդ «զինյալի» մասնակցությամբ։ Էրդողանն այդ կապակցությամբ ընդդիմադիր գործչին մեղադրել է Քրդստանի բանվորական կուսակցության հետ կապի մեջ, որը Թուրքիայի իշխանությունները ահաբեկչական կազմակերպություն են համարում: 

Տեսանյութի ծագումն անհայտ է։

«Ես հոգնել եմ զրպարտությունից, բայց նա չի հոգնել ինձ զրպարտելուց»,-ասել է Քըլըչդարօղլուն։

Էրդողանի հակառակորդները այս մեղադրանքները համարում են այն բանի ախտանիշ, որ մեկ տասնամյակ վերափոխումներից, լրագրողների բանտարկությունից եւ քննադատաբար տրամադրված պարբերականների փակումից հետո մեդիա լանդշաֆտը մեծապես փոխվել է հօգուտ Էրդողանի:  

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը մամուլի ազատության մակարդակով Թուրքիային 180 երկրների շարքում դասում է 165-րդ տեղում:

Էրդողանի մեղադրանքներն ուժեղացրել են քաղաքական լարվածությունը ընտրությունների երկրորդ փուլի նախաշեմին, որը համարվում է ամենածանր փորձությունը նախագահի համար, որը ձգտում է երկարաձգել իր կառավարումը երրորդ տասնամյակով:

Մայիսի 7-ի հանրահավաքում Էրդողանի ցուցադրած տեսանյութը ներառում է Քըլըչդարօղլուի նախընտրական հոլովակից վերցված կադրեր եւ 10 ամիս առաջ համացանցում հրապարակված տեսանյութից պատկերներ, որտեղ զինյալները ողջունում են իրենց բարձրագույն հրամանատար Մուրաթ Քարաիլանին:

Երկուշաբթի օրը տված հարցազրույցում հղում անելով տեսանյութին՝ Էրդողանը կրկին մեղադրել է Քըլըչդարօղլուին ՔԲԿ-ի հետ համագործակցելու մեջ:

«Քըլըչդարօղլուն Քանդիլում ահաբեկիչների մասնակցությամբ տեսանյութ է նկարահանել»,-ասել է Էրդողանը։

Սոցիալական ցանցերի բազմաթիվ ազդեցիկ օգտատերեր նույնպես իրենց զայրույթն են արտահայտել, իսկ «montaj» (մոնտաժ) բառը երեքշաբթի կեսօրին Թուրքիայում Twitter-ում թրենդ է դարձել։

Էրդողանը մայիսի 14-ին կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում առաջ է անցել Քըլըչդարօղլուից: Երկուշաբթի օրը Էրդողանը եւս մեկ ազդակ է ստացել վերընտրվելու իր քարոզարշավի համար՝ ստանալով ազգայնական կոշտ գծի աջակից Սինան Օհանի աջակցությունը: