ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ Չինաստանն առնվազն 2019 թվականից Կուբայում լրտեսական բազա է կառավարում, ինչը Պեկինի գլոբալ ջանքերի մի մասն է հետախուզական տվյալների հավաքման իր հնարավորությունները կատարելագործելու հարցում, տեղեկացրել է The Associated Press-ը։
Աղբյուրի համաձայն՝ ամերիկյան հետախուզական հանրույթն արդեն որոշ ժամանակ է՝ տեղյակ է Կուբայից Չինաստանի լրտեսության եւ ամբողջ աշխարհում հետախուզական տվյալների հավաքման ավելի մասշտաբային ջանքերի մասին։
«Բայդենի վարչակազմն ակտիվացրել է Չինաստանի լրտեսական գործողությունների ընդլայնումը կասեցնելու ջանքերը եւ կարծում է, որ հասել է որոշակի առաջընթացի դիվանագիտության եւ այլ գործողությունների միջոցով»,- նշել է աղբյուրը։
Չինացի պաշտոնյաները զննել են Ատլանտյան օվկիանոսում, Լատինական Ամերիկայում, Մերձավոր Արեւելքում, Կենտրոնական Ասիայում, Աֆրիկայում եւ Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում գտնվող օբյեկտները։ Այդ ջանքերը ներառել են տեղեկատվության հավաքում Կուբայում, եւ Չինաստանն իրականացրել է իր լրտեսական գործողության արդիականացում կղզում 2019թ.։
Չինական հետախուզական կայանի գոյությունը հաստատվել է The Wall Street Journal թերթի հաղորդումից հետո, դրանում նշվել է, որ Չինաստանը եւ Կուբան հասել են սկզբունքային համաձայնության կղզում էլեկտրոնային գաղտնալսման կայան կառուցելու մասին։ Թերթը տեղեկացրել է, որ Չինաստանը նախատեսում է վճարել Կուբային միլիարդավոր դոլարներ։
Սպիտակ տունն այս տեղեկությունը ստույգ չի համարել։
«Ես տեսել եմ այդ հաղորդումը մամուլում, այն չի համապատասխանում իրականությանը,- ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հինգշաբթի MSNBC-ին տված հարցազրույցում։- Ես կարող եմ ասել, որ մենք այս վարչակազմի աշխատանքի առաջին օրվանից անհանգիստ էինք ամբողջ աշխարհում Չինաստանի ազդեցությամբ. իհարկե, այս կիսագնդում եւ այս տարածաշրջանում մենք դրան ուշադիր, շատ ուշադիր հետեւում ենք»։
Կուբայի արտաքին գործերի փոխնախարար Կառլոս Ֆերնանդես դե Կոսիոն եւս շաբաթ օրը հերքել է այս հաղորդումն իր Թբիթերում։
«Զրպարտչական ենթադրությունները շարունակվում են, ակնհայտ է, որ դրանք տարածվում են որոշ ԶԼՄ-ների կողմից՝ վնաս հասցնելու եւ տագնապ առաջացնելու նպատակով, եւ տվյալներ կամ ապացույցներ չեն ներկայացնում իրենց տարածած լուրերի վերաբերյալ»,- գրել է նա։





























