Մի քանի տասնյակ սկանդինավյան ընկերություններ հրաժարվել են աշխատել հրուշակեղենի Mondelez International ամերիկյան արտադրողի (ընկերությանն են պատկանում այնպիսի բրենդներ, ինչպիսին են Oreo-ն, Mars-ը, Alpen Gold-ը, Milka-ն, Toblerone-ը, Barny-ն, Halls-ը, Tuc-ը) հետ, քանի որ նա հրաժարվել է հեռանալ ռուսական շուկայից, տեղեկացրել է Reuters-ը։
Գործակալության տվյալներով՝ Mondelez-ի կորպորատիվ բոյկոտին միացել են SAS եւ Norwegian Air ավիաընկերությունները, SJ երկաթուղային խումբը, Strawberry հյուրանոցների ցանցը, Elkjop մանրածախ ցանցը, Fjord Line նավագնացային խումբը, Նորվեգիայի ֆուտբոլի ասոցիացիան եւ այլն։
Ինչպես նշել է Reuters-ը, ամերիկյան կորպորացիան մեծ ներկայություն ունի Նորվեգիայում եւ Շվեդիայում շոկոլադի Freia и Marabou տեղի արտադրողների միջոցով։ Բոյկոտի ֆոնին ընկերությունը հունիսի 11-ին դիմել է Նորվեգիայի կառավարությանը, որպեսզի պաշտպանի տեղի իր բիզնեսը։
Մայիսին Mondelez International-ը հայտնվել էր «պատերազմի միջազգային հովանավորների» ուկրաինական ցուցակում՝ Ռուսաստանում աշխատանքը շարունակելու համար, որտեղ ընկերությունը երեք գործարան ունի՝ «Բոլշեւիկ» ֆաբրիկան, արտադրությունը Պոկրովում եւ գործարանը Վելիկի Նովգորոդում։ 2022թ. արդյունքներով Mondelez-ի շահույթը Ռուսաստանում կազմել է 339 մլն դոլար, երկրի բյուջե ընկերությունը վճարել է 61 մլն դոլար հարկ, նշել են ուկրաինական իշխանությունները։
Ինչպես Reuters-ին ասել են սկանդինավյան որոշ ընկերություններում, որոնք բոյկոտ են հայտարարել հրուշակեղեն արտադրողին, նրանց գործողությունները թելադրված են ուկրաինական կողմի որոշմամբ։ Mondelez-ը դրանից հետո հայտարարել է, որ կփորձի հանդիպել այդ երկրների իշխանությունների հետ, որպեսզի բացատրի իր դիրքորոշումը։ «Mondelez International-ը հետեւում է քաղաքական բոլոր որոշումներին եւ պատժամիջոցներին եւ կշարունակի դիտարկել գործողությունների անհրաժեշտ ճշգրտումները, որպեսզի ապահովի դրանց լիակատար պահպանումը»,- ավելացրել են ընկերությունում։





























