Երեքշաբթի անկախ գերմանական հանձնաժողովը խորհուրդ է տվել վերադարձնել Վասիլի Կանդինսկու կտավը, որը ներկայում պատկանում է Բավարիայի պետական բանկին, հրեա ընտանիքի ժառանգներին, որը եղել է արվեստի այդ գործի սեփականատերը, տեղեկացրել է The Associated Press-ը։

Հանձնաժողովին կարելի է դիմել նացիստների առգրաված մշակութային, հատկապես հրեական արժեքները վերադարձնելու վեճերի դեպքերում։

Բավարիայի պետական բանկի դեմ Հեդվիգ Լեւենշթեյն Վայերմանի եւ Իրմա Լեւենշթեյն Քլյայնի ժառանգների գործում հանձնաժողովը խորհուրդ է տվել ժառանգներին վերադարձնել ռուս նկարիչ Վասիլի Կանդինսկու «Խայտաբղետ կյանք» կտավը (1097թ.)։

Հանձնաժողովի խորհուրդները պարտադիր բնույթ չեն կրում, բայց հիմնականում կատարվում են, եթե կողմերը համաձայնում են դիմել նրան վեճը լուծելու համար։

Կտավում պատկերված է գունեղ հագնված մարդկանց խումբ մարգագետնում, ոմանք ուտում եւ նվագում են, մյուսները, կարծես, պարում են։

Հանձնաժողովն իր եզրակացությունում նշել է, որ 1927թ. նոյեմբերից նկարը պատկանել է Հեդվիգ եւ Էմանուել Ալբերտ Լեւենշթեյններին, Ամստերդամում ապրող հրեա զույգին, եւ եղել է նրանց մեծ հավաքածուի մասը։ Կտավը Ամստերդամի աճուրդների տանը հանվել է աճուրդի 1940թ. հոկտեմբերի 9-ին, այն բանից մի քանի ամիս հետո, երբ գերմանական վերմախտը օկուպացրել է Նիդեռլանդները։

Մինչ աճուրդը կտավը վարձակալված էր Լեւենշթեյն ընտանիքից Ամստերդամի Ստեդելիյկ թանգարանում, որտեղից առգրավվել է 1940թ. սեպտեմբերի 5-ին արտ-դիլեր Աբրահամ Մոզես Կվերիդոյի հրամանով, նշված է հանձնաժողովի հայտարարությունում։

Չնայած տարիներ տեւած հետազոտություններին՝ հանձնաժողովը հայտարարել է, որ չի կարողացել պարզել կտավի անցած ճանապարհը։

«Անհնար է ապացուցել, թե ում նախաձեռնությամբ է  կտավը վաճառվել Frederik Muller & Co. աճուրդների տանը որպես Լեւենշթեյնի ունեցվածքի մի մաս»,- նշել է հանձնաժողովը։

Արվեստի գործը ձեռք է բերել Սողոմոն Սլայփերը, որի այրին այն վաճառել է Bayerische Landesbank-ին 1972թ. 900 000 հոլանդական գուլդենով։ Այդ ժամանակվանից այն գտնվում է Staedtische Galerie im Lenbachhaus-ում եւ Մյունխենի Kunstbau թանգարանում՝ ժամանակավոր օգտագործման համար։

1940թ. աճուրդի ժամանակ Հեդվիգ եւ Էմանուել Ալբերտ Լեւենշթեյնների երեխաները՝ Ռոբերտ Լեւենշթեյնը եւ Վիլհելմինա Հելենա Լեւենշթեյնը, տարագրվել էին ԱՄՆ եւ այն ժամանակ պորտուգալական գաղութ Մոզամբիկ՝ համապատասխանաբար։

Միայն Իրմա Լեւենշթեյն Քլյայնն է մնացել Ամստերդամում, նա Ռոբերտի կինն էր, որից բաժանվել էր։ Նա ողջ է մնացել նացիստական օկուպացիայից եւ Երկրորդ համախարհային պատերազմից հետո։

Սեփականության իրավունքի համար մղվող վեճում Բավարիայի պետական բանկը ենթադրել է, որ Իրմա Լեւենշթեյն Քլյայնը կտավը հանել է աճուրդի ամուսնալուծության պատճառով։

Իսկ հայցվորներն այն կարծիքին էին, որ աճուրդը տեղի է ունեցել Նիդեռլանդների օկուպացիայի եւ հրեական հետապնդումների պատճառով։

Ուսումնասիրելով պատմական վկայությունները՝ հանձնաժողովը եկել է այն եզրակացության, որ «կտավն առգրավվել է հրեական հետապնդումների հետեւանքով։ Լեւենշթեյն ընտանիքը եւ Իրմա Լեւենշթեյն Քլյայնը ենթարկվել են հետապնդումների որպես հրեաներ Նիդեռլանդների օկուպացիայի սկզբում՝ 1940թ., նշվել է եզրակացությունում։