ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրեն է դարձել Անդրեյ Կոնդրաշովը։ Նրա նշանակման մասին հրամանագիրը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը, հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը: «Անդրեյ Օլեգովիչ Կոնդրաշովին նշանակել Ռուսաստանի տեղեկատվական հեռագրական գործակալության (ԻՏԱՌ-ՏԱՍՍ) դաշնային պետական ունիտար ձեռնարկության գլխավոր տնօրեն»,-ասվում է փաստաթղթում:

Անդրեյ Կոնդրաշովը կրթություն է ստացել Մոսկվայի անկախ բնապահպանական եւ քաղաքագիտական համալսարանի լրագրության ֆակուլտետում, սկսել է աշխատել հեռուստատեսությունում 1991 թվականից: նա հիմնականում հայտնի է որպես Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերության (ՎԳՏՌԿ) քաղաքական մեկնաբան: 

2018-ին նա դարձել է նախագահ Վլադիմիր Պուտինի ընտրական շտաբի մամուլի քարտուղարը եւ նրա մասին ֆիլմ  է նկարահանել «Պուտին» վերնագրով»։ Նրա մյուս ֆիլմերից են՝ «Ղրիմ. Ճանապարհ դեպի Հայրենիք», «Բերեզովսկի» եւ այլն։

2018-ի ապրիլին, քարոզարշավից հետո, նա նշանակվել է ՎԳՏՌԿ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, ղեկավարել է հոլդինգի տեղեկատվական բլոկը: Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից հետո նա հայտնվել է Կանադայի եւ Եվրամիության պատժամիջոցների տակ։

2023 թվականի հունիսին Պուտինը հրամանագիր է ստորագրել Կոնդրաշովին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանով պարգեւատրելու մասին։

Մեկ այլ հրամանով Միշուստինը պաշտոնից ազատել է հոլդինգի գլխավոր տնօրեն Սերգեյ Միխայլովին։ Կառավարության մամուլի ծառայությունը նշել է, որ Միխայլովը ՏԱՍՍ-ից հեռացել է սեփական ցանկությամբ: