NEWS.am-ը ներկայացնում է ֆրանսիական «Le Monde» պարբերականում հրապարակված Գեորգի Գոգիի հոդվածը.
«Մենք կցանկանայինք, որ հոկտեմբերի 6 -7 -ին Նիկոլա Սարկոզիի կայծակնային այցը Հարավային Կովկաս նրա համար հնարավորություն դառնար քննարկումների կենտրոնում դնել մարդու իրավունքների հարցը: Այդ շատ կարեւոր, բայց ոչ կայուն տարածաշրջանում խաղադրույքները բարձր են: Ինչպես Եվրոպայի մնացած մասը, Ֆրանսիան նույնպես Ադրբեջանի ածխաջրածնային պաշարները եւ նավթամուղերի տարածաշրջանային ցանցը դիտարկում է իր էներգետիկ անվտանգության ապահովման տեսանկյունից: Սարկոզիի այցը տեղին է Ադրբեջանում վերջերս բնական գազի հսկայական պաշարների բացման համատեքստում, որտեղ «Total»-ը մինչեւ 40% բաժնետեր է:
Ֆրանսիան ձգտում է կարեւոր դեր խաղալ տարածաշրջանում եւ քաղաքական հարաբերություններում: Սարկոզին 2008թ. Հարավային Օսիայի պատճառով Ռուսաստանի եւ Վրաստանի մեջեւ ծագած պատերազմի դադարեցման բանակցություններն էր վարում: Դա նրա համար դիվանագիտական հաջողություն էր, որը, իհարկե, նախագահական ընտրարշավում նրա փաստարկների ցանկում իր տեղը կունենա: Փարիզը նաեւ ԵՄ հիմնական ձայնն է ԵԱՀԿ Մինսկի խմբում, որը պատասխանատու է ղարաբաղյան հակամարտության լուծման բանակցությունների վարման համար:
Սակայն կան նաեւ անհաջողություններ. ռուսաստանյան զորքերը վաղուց լքել են Վրաստանի անվիճելի տարածքը, սակայն առայժմ դուրս չեն բերվել Հարավային Օսիայից եւ Աբխազիայից` Վրաստանի եւս մեկ անջատողական տարածքից, ինչպես դա նախատեսվում էր համաձայնագրում: Իսկ ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների հերթական փուլն այս ամառ ավարտվեց ձախողումով:
Եթե Սարկոզին իսկապես իրական փոփոխություններ է ցանկանում այս տարածաշրջանում, ապա պետք է օգտագործի իր ազդեցությունը` բոլոր երեք երկրների նախագահների հետ անմիջական զրույցներում բարձրացնելով մարդու իրավունքներին վերաբերող հարցերը:
Նրա ազդեցությունն ավելի, քան երբեւէ օգտակար կլինի Ադրբեջանում, որտեղ կառավարությունը վերջերս ձերբակալել էր քաղաքական ընդդիմախոսներին, մարդու իրավունքների պաշտպաններին եւ սոցիալական ցանցերի ակտիվիստներին: Այդ երկրում մայրաքաղաք Բաքուն ավելի է գեղեցկանում` քաղաքացիներին անօրինական վտարելու, ունեզրկելու եւ առանց համապատասխան փոխհատուցման նրանց տները քանդելու միջոցով: Սարկոզին պետք է հորդորի նախագահ Իլհամ Ալիեւին վերջ դնել այդ խախտումներին եւ դա անել արագ, քանի դեռ մարդու իրավունքներին վերաբերող այդ փաստերը համընդհանուր քննարկման չեն դրվի «Եվրատեսիլ» մրցույթի հետ կապված, որը գալիք տարվա մայիսին կանցկացվի Բաքվում:
Հայաստանում կառավարությունը վերջերս ազատ արձակեց քաղաքական բանտարկյալներին` բարելավելու համար իր հեղինակությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ` 2008թ. ընտրությունների հետ կապված բռնի գործողություններից երեք տարի անց, սակայն նա պետք է ավելին անի. 2012 թ. ապահովի արդար ընտրություններ, խրախուսի եւ ոչ թե սահմանափակի աուդիովիզուալ ԶԼՄ-ների բազմակարծությունը եւ երաշխավորի, որ նոր օրենքներն անկախ լրատվամիջոցներին լռեցնելու նպատակով չեն օգտագործվի:
Վրաստանը հպարտանում է ժողովրդավարությանն ու իրավական պետությանն իր հավատարմությամբ: Սա եւս մեկ պատճառ է Սարկոզիի համար Վրաստանի նախագահի հետ շոշափել մարդու իրավունքների հարցը: Թբիլիսին նշանակալի միջոցներ է դրել կոռումպացված ոստիկանական համակարգի բարեփոխումների համար, սակայն համակողմանիորեն չի ուսումնասիրել վերջին տարիներին ոստիկանության աշխատակիցների կողմից իրավաչափ ուժի կիրառման հարցերը: Քաղաքական մի շարք ցույցերից հետո ընդունված նոր օրենքները թույլ են տալիս մարդկանց կալանքի տակ պահել երեք ամիս: Սարկոզին պետք է Սահակաշվիլիին ասի, որ այդ օրենքները խրախուսում են վատ վերաբերմունքը, եւ միայն ոստիկանության աշխատակիցներին իրենց գործողությունների համար պատասխանատվության ենթարկելու միջոցով Վրաստանի կառավարությունը կարող է վերականգնել ժողովրդի վստահությունը ոստիկանության նկատմամբ: Նա նաեւ պետք է հիշեցնի, որ բոլորը հավասար են օրենքի առջեւ:
Նիկալա Սարկոզին Հարավային Կովկասի առաջնորդներին եւ ժողովուրդներին պետք է հասկացնել տա, որ պատշաճ կառավարումն ու մարդու իրավունքները Ֆրանսիայի համար նույնքան կարեւոր են, որքան նավթն ու գազը: Նա պետք է ընդգծի այն, ինչ Ֆրանսիան ասում էր արաբական գարնան ժամանակ` պաշտպանել իրավունքները, ոչ թե ավտորիտար ռեժիմները. սա է երկարատեւ կայունության բանալին»:




























