Ես բարձր եմ գնահատում այսօրվա քաղաքական միավորին, իշխող խմբակցությանը, ինքն ինստիտուցիոնալ առումով բավականին դրական է, այն, ինչը պետք է լինի, այդ ամեն ինչով ապահովված է, նախկինում ես այդպիսի բան չեմ տեսել, 4-րդ անգամ եմ պատգամավոր: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը:
Նա հավելեց, որ այսօր ցանկացած պատգամավոր կարող է ցանկացած միտք արտահայտել, ցանկացած առաջարկությամբ հանդես գալ:
Հարցին՝ այսինքն արդարացվա՞ծ եք համարում ԱԺ գալու ձեր որոշումը, Սուքիասյանը դրական պատասխան տվեց. «Իհարկե արդարացված եմ համարում: Իմ փորձը, որ ունեցել եմ, եթե ինչ-որ պահի պետք է գալիս, օգտագործում եմ»:
Ինչ վերաբերում է իր եւ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի միջեւ եղած տարաձայնություններին, ՔՊ-ական պատգամավորը հավաստիացրեց, որ ոչ մի տարաձայնություն չկա. «Կան մոտեցումներ, էկոնոմիկան էլ պետք է հաշվարկի արդյունքում լինի: Մի քանի տնտեսագետներ հավաքվում են, տարբեր մտքեր են արտահայտում: Ոչ մի խնդիր էլ չկա իր հետ, պարզապես, այն հարցերը, որոնք ես բարձրաձայնել եմ, ցանկացել եմ, որ դրանց լուծումներն ավելի արդյունավետ լինեն: Դա շատ լավ աշխատանքային պրոցես է»:





























