Ափսոս, պարոն Տերտերյանը դուրս եկավ, կանչեք, ասելու բան ունեմ Կապսի ջրամբարի հետ կապված: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՏԿԵ փոխնախրար Վաչե Տերտերյանի հայտարարությանը, թե երկար տարիներ ամենատարբեր պատճառներով չստացված ամենախոշոր ջրամբարի` Կապսի շինարարությունն այս տարի սկսվել է:
«Ես որպես Շիրակի այդ ժամանակվա մարզպետ Կապսի ջրամբար վերջին անգմ գնացել եմ 2018-ի ապրիլի վերջ կամ մայիսի սկիզբ: Դրոններ էին թռցնում թունելում, որ տեսնեն ենթակառուցվածքները նորմալ են, թե ոչ: 5 տարի է անցել, նոր գերմանական KFW-ի հետ պայամանագիր է կնքվում: Հիմա ասում է՝ Կապսի ջրամբարում երկարբ տարիներ ոչինչ չէր արվում:
Հաջորդը, կարծում եմ՝ դահլիճում կլինեն մարդիկ, որոնք տեսնում են, որ ջրամբարներից ջուր է հոսում մինչեւ ոռոգման սեզոնի սկիզբը: Բոլորը գիտեն, որ ջրամբարների ջուրը չի օգտագործվում միայն ոռոգման համար: Ես առաջարկում եմ, որ քանի դեռ ջրամբարներում ոռոգման համար անհրաժեշտ ջուրը չի կուտակվել, չի կարելի այլ նպատակներով ջուր բաց թողնել»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Նշենք, որ ԱԺ–ն այսօր՝ հուլիսի 12-ին 2–րդ ընթերցմամբ քննարկել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու` ՀՀ կառավարության նախագիծը։ Ըստ նախագծի` առաջարկվում է Սևանա լճից անհրաժեշտության դեպքում լրացուցիչ 240 մլն խմ ջրառ իրականացնել` նախատեսված 170 մլն խմ–ի փոխարեն։ Նախագիծն առաջին ընթերցմամբ հուլիսի 11–ին ԱԺ–ն ընդունել էր։





























