Իմ ընդդիմադիր գործընկեր Արթուր Խաչատրյանը շեշտեց, որ եղել է Շիրակի նախկին մարզպետ. Բա դուք եղել եք նախկին մարզպետ, ձեր ժամանակ հազարավոր կիլոմետրերով խողովակներ գետնի տակից հանեցին, տարան, ծախեցին, բա էդ ժամանակ հելնեիք խոսեիք: Այս մասին այսօր՝ հուլիսի 12-ին, Աժ-ում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պամանագիր» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հայտարարությանը, թե 2018-ի ապրիլ-մայիսին է վերջին «գեոռազվեդկան» եղել, երբ Կապսի ջրամբարի թունելի մեջ դրոն են թռցրել, որպեսզի տեսնեն՝ ենթակառուցվածքներն ինչ վիճակում են, եւ այս 5 տարում ոչինչ չի արվել:

«30 տարի մի հատ ջրամբար չեք կառուցել, այսօր եկել ենք, ջրամբար ենք կառուցում, ուզում ենք ոռոգման ցանցերը վերանորոգենք... Այո՛, հլը ձեր թողած ժառանգության համար մենք դեռ շատ ենք ձախողելու, հլը շատ պրոբլեմներ են լինելու: Էդ ամեն ինչը չի կարող 1-2 օրում լինել: Ամեն անգամ գալիս եք ամեն մեկի ասածի վրա «խեղտ եք բռնում»: Բա լավ օրից չի, որ այսօր այս նախագիծը բերել, ուզում ենք անցկացնել: Բա դուք ի՞նչ եք թողել, ինչ եք կառուցել, որ մենք էլ ձեր կառուցածը չենք կարողանում նորմալ շահագործել ու եկամուտ ստանալ:

Մենակ Ապարանի տարածաշրջանից հազարավոր կիլոմետրով տրուբեք հանեցին, տարան: Այն գյուղապետները, որոնք ընդդիմանում էին, բռնում, տանում, փակում էին, որ ձեն չհանեն: Իմիջիայլոց, այս մասին թող Դատախազությունն էլ վերանայի, հլը հասկանանք՝ այդ խողովակները ով տարավ, ծախեց ու ինչի համար են տարել, ծախել: Ու էդ խողովակները տարել են, որպես խողովակ չեն օգտագործել, տարել, «ուտիլ» են հանձնել»,- ասաց նա:

Նշենք, որ ԱԺ–ն այսօր՝ հուլիսի 12-ին 2–րդ ընթերցմամբ քննարկել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու` ՀՀ կառավարության նախագիծը։ Ըստ նախագծի` առաջարկվում է Սևանա լճից անհրաժեշտության դեպքում լրացուցիչ 240 մլն խմ ջրառ իրականացնել` նախատեսված 170 մլն խմ–ի փոխարեն։ Նախագիծն առաջին ընթերցմամբ հուլիսի 11–ին ԱԺ–ն ընդունել էր։