ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայությունում, այսօր` հոկտեմբերի 7-ին, գրանցվել է այս տարվա 10 հազարերորդ այցելուն: Դա ՌԴ քաղաքացի, բանաստեղծ եւ թարգմանիչ Վադիմ Ռախմանովն է:
ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԼՂՀ ԱԳՆ կողմից նրան շնորհվել է հավաստագիր եւ հուշանվեր` Լեռնային Ղարաբաղի խորհրդանիշով:
Ըստ ԼՂՀ ԱԳՆ հյուպատոսական ծառայության տվյալների, 2011թ. անցած 9 ամիսների ընթացքում ԼՂՀ այցելած օտարերկրացիների թիվը 64 տոկոսով գերազանցում է 2010թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Հարկ է նշել, որ օտարերկրացի այցելուների շրջանում գերակշռում են Ռուսաստանի, ԵՄ, ԱՄՆ. Իրանի, Կանադայի քաղաքացիները: 2011թ. երեք եռամսյակների ընթացքում կրկնապատկվել է Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը` անցած տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի համեմատ: Շարունակում է ընդլայնվել ԼՂՀ այցելող օտարերկրացիների աշխարհագրությունը. Լեռնային Ղարաբաղ են այցելում զբոսաշրջիկներ Ճապոնյաից, Չինաստանից, Սինգապուրից, Բրազիլիայից, Վենեսուելայից, Իսրայելից, Նոր Զելանդիայից, Հնդկաստանից, Կոտ դ’Իվուարից եւ այլ երկրներից:
Արցախի նկատմամբ հատուկ հետաքրքրություն են ցուցաբերում աշխարհի տարբեր երկրներից հայկական Սփյուռքի ներկայացուցիչները: Նրանք հիմնականում այցելում են Գանձասարի /XIII դար/, Ամարասի /IV դար/, Դադիվանքի /IV դար/ վանական համալիրներ, հնագույն հայկական քաղաք Տիգրանակերտի պեղումների գոտի, Ազոխի քարանձավ, Նիկոլ դումանի տուն-թանգարան, ինչպես նաեւ Ականաբերդի, Լեւոնաբերդի, Բերդաքարի, Ասկերանի, Թումասաբերդի հայկական ամրոցներ:
Ըստ զբոսաշրջիկների` նրանց հրապուրում են ոչ միայն բազմադարյա պատմական հուշարձանները, շքեղ բնությունը, գեղատեսիլ կիրճերը, առողջ էկոլոգիան, հանքային եւ տաք աղբյուրները, այլեւ արցախցիների բարյացակամությունն ու հյուրասիրությունը:




























