Վիճակագրության համաձայն, Հայաստանում 8 ամիսներին արձանագրվել է 3,5 տոկոս տնտեսական աճ, որը տարեկան կտրվածքով ծրագրավորվել է 4,6 տոկոս: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը` հոկտեմբերի 9-ին, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստի ժամանակ:

«Գտնում ենք, որ դա իրատեսական ցուցանիշ է: Ծրագրված գնաճը՝ 4 տոկոս 1,5 տոկոսանոց միջանցքում, այսօրվա գնահատականներով նույնպես իրատեսական ցուցանիշ է: Այսինքն, 2011 թ.-ին մեզ կհաջողվի էապես նվազեցնել գնաճային ցուցանիշը նախորդ տարվա համեմատ, մասնավորապես, 10 տոկոսանոց գնաճի միջավայրից սահուն կերպով տեղափոխվել 5 տոկոսանոց գնաճային միջավայր: 2012-ի համար պլանավորում ենք 4 տոկոսանոց գնաճ՝ 1,5 տոկոսանոց միջանցքում»,- ասել է նա:

Կառավարության ղեկավարը նշել է, որ նախորդ տարվա համեմատ գյուղատնտեսության ոլորտը նշված ժամանակահատվածում բավականին բարձր տեմպերով վերականգնվում է. այստեղ արձանագրվել է 21 տոկոսանոց աճ: Արդյունաբերության ոլորտում գրանցվել է 12-14 տոկոսանոց աճ, առեւտրի շրջանառությունում՝ 7 տոկոս, ծառայությունների մատուցման ոլորտում՝ 4 տոկոսանոց աճ: Առաջին 8 ամիսների ընթացքում մեր երկրի արտաքին առեւտրաշրջանառությունն աճել է 25 տոկոսով, ընդ որում, արտահանումը՝ 30 տոկոսով, իսկ ներմուծումը՝ 15-18: Տիգրան Սարգսյանի գնահատմամբ՝ դրամն այս տարվա ընթացքում ունի կայուն վարքագիծ:

Խոսելով պետական բյուջեի կատարողականի մասին՝ գործադիրի ղեկավարն ասել է, որ այն եկամտային մասով գերակատարվում է. հարկերը հավաքագրվում են թվաբանական ճշգրտությամբ՝ առանց ծրագրային շեղումների, իսկ ծախսային մասով արձանագրվել է 50 մլրդ դրամի խնայողություն:

«Այսինքն, բյուջետային վարքագծով ավելի զսպողական ենք, հավաքագրվում է ավելի շատ հարկ, քան ծախսվում: 2012 թ.-ի մեր վարքագծային կանոնները պայմանավորված են լինելու մի քանի հանգամանքներով: Մեր երկրի արտաքին պարտքը կազմում է Համախառն ներքին արդյունքի 40 տոկոսը: Այն ավելացվել է՝ բյուջետային ծախսեր կատարելու եւ ՀՆԱ-ի աճի պահպանման համար: Հաջորդ տարի պետական բյուջեի դեֆիցիտը չպետք է գերազանցի 3,1 տոկոսը: Հետագայում՝ 2013-2014 թվականներին այն չպետք է գերազանցի 3 տոկոսը: Այս սցենարի ներքո էլ կանխատեսել ենք, թե ինչպիսին է լինելու մեր երկրի ՀՆԱ-ի աճը՝ 2012 թ.-ի համար պլանավորելով 4,2 տոկոսանոց տնտեսական աճ»: Վարչապետի խոսքով՝ ակնկալվում է, որ հաջորդ տարի կշարունակվի տնտեսական աճը արդյունաբերության, գյուղատնտեսության, ծառայությունների մատուցման ոլորտներում:

2012թ. կառավարությունը ծրագրել է մի քանի խոշոր նախագծեր, որոնք նույնպես ապահովելու են մեր երկրի տնտեսական աճը:

Տիգրան Սարգսյանը նշել է, որ IT սեկտորում այս տարի արձանագրվել է լուրջ աճ, որը կշարունակվի նաեւ 2012 թ.: Միջազգային տարբեր կազմակերպությունների հետ այս ոլորտում նախատեսվում է մի քանի խոշոր ծրագրերի իրականացում, որոնք Հայաստանը դարձնելու են ՏՏ ոլորտի տարածաշրջանային կենտրոն: Մեր երկիրն ընտրվել է որպես տարածաշրջանային հարթակ, քանի որ այստեղ կա ինտելեկտուալ բարձր որակի ներուժ:

Ներկայում ՏՏ եւ հեռահաղորդակցության ոլորտներում Հայաստանում գործում են մի քանի հարյուր ձեռնարկություններ, որոնցում աշխատողների թիվը կազմում է 10 հազար, իսկ արտադրանքի ծավալները՝ 200 մլն դոլար:

Անդրադառնալով Հայաստանում իրականացվող բարեփոխումներին՝ Տիգրան Սարգսյանն ասել է, որ բարելավվում է մեր երկրի «Doing Business»-ի վարկանիշը, տնտեսական ազատության, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների միջազգային ինդեքսը: Իրականացվող բարեփոխումները, որոնք դրական է գնահատել նաեւ Եվրամիությունը, հույս են տալիս, որ 2012-ին կարձանագրվի տնտեսական լուրջ առաջընթաց;

2012թ. կառավարությունը ծրագրում է էապես՝ 100 մլրդ դրամով ավելացնել հարկային մուտքերը՝ այս տարվա համեմատ 0,6 տոկոսով: «Սա լուրջ խնդիր է, ուստի բացի վարչարարությունից՝ պետք է ընդլայնենք նաեւ հարկային բազան: Արդեն իսկ նախագծում ենք նոր օրինագծեր, որոնց նպատակն է՝ բացահայտել այն տարբեր ոլորտների շահույթները: Այս ամենի արդյունքում հաջորդ տարի 10 տոկոսով կավելացվեն սոցիալական նպաստները, թոշակները եւ առաջին անգամ մեր երկրում կներդրվի սոցիալական փաթեթ՝ քաղծառայողների համար, որը հնարավորություն կտա պահովագրել վերջիններիս եւ նրանց ընտանիքների առողջությունը, կամ օժանդակություն հատկացնել հիփոթեքային վարկերի տոկոսների եւ երեխաների ուսման վարձավճարների մարման նպատակով»: