Տաճարային համալիրը գտնվում է Չինաստանի մայրաքաղաքի Դունչեն շրջանի հենց կենտրոնում (ֆոտոռեպորտաժ)։
Ձմռան սկզբին Չինաստանի կառավարությունը չեղարկեց քովիդի սահմանափակումները երկրում, եւ կյանք արագ վերադարձավ սովորական հուն՝ ռեստորանները չինական քաղաքներում նորից լցվել են մարդկանցով, զբոսաշրջային հոսքն արտասահմանից սկսել է վերադառնալ նախկին ցուցանիշներին, բարելավվել է ներքին տուրիզմի վիճակագրությունը։
Երկնքի տաճարը ամենահանրահայտ վայրերից մեկն է Պեկինում։ Այն միշտ լիքն է մարդկանցով, որոնք գալիս են դիտելու շինությունը, որն ստեղծվել է Մին հարստության ժամանակ՝ որպես երկնքի երկրպագության վայր, որպես տեղ, որտեղ այդ նույն երկնքին խնդրել են բերքատվություն եւ համապատասխան ծեսեր իրականացրել։ Հնում չինացիները կարծում էին, որ երկինքը կլոր է, իսկ երկիրը՝ քառակուսի։ Ելնելով այս հայեցակարգից՝ տաճարի հիմնական կառույցները կառուցվել են շրջանի ձեւով։
Գլխավոր տաճարը («Աղոթքի տաճարը հարուստ բերքի համար») սկզբում գործել է որպես Երնքի եւ Երկրի տաճար եւ կապված է եղել Երկնքին, որը տնօրինում էր մարդկանց ճակատագրերը, զոհաբերության գլխավորագույն պետական ծեսերի հետ։ Համալիրի տարածքում աճում է մոտ 60 000 ծառատեսակ, դրանցից գրեթե յուրաքանչյուրի վրա կա ցուցանակ, որն ունի կուար-կոդ՝ որը սքանավորելով դուք կստանաք տեղեկություն բույսի անվան ու տարիքի մասին։
Հինգ դար շարունակ, տարին մեկ անգամ, ձմռան արեւադարձի օրը կայսրերը եկել են այստեղ, որպեսզի եռօրյա պասից հետո շռայլ ընծաներ մատուցեն Երկնքին։
Տաճարը եռահարկ կառույց է՝ 38 մետր բարձրությամբ, որը հենվում է 28 փայտե սյուներին՝ առանց մեխերի եւ ցեմենտի օգտագործման։ 28 փայտե սյուներն ունեն իրենց իմաստը՝ չորս կենտրոնական սյուները նշանավորում են տարվա եղանակը, միջին շարքի 12 սյուները՝ 12 ամիսները, իսկ արտաքին շարքի 12 սյուները՝ օրվա 12 ժամերը։
1998թ. այս ճարտարապետական հուշարձանը մտցվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցուցակ։
Պեկինից՝ Պարույր Սինյավսկի





























