Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին վստահ է, որ Հայաստանի հետ վերջին ընտրական հանդիպումը ցույց կտա իր ֆուտբոլիստների հասունությունը: Իտալացի մարզիչն իր թիմի խաղացողներին կոչ է արել մոռանալ տրիբունաների ճնշման մասին եւ ամեն գնով հաղթանակ տանել:
Տրապատոնին նշել է, որ Իռլանդիայի հավաքականը դառը փորձ ունի, երբ բոլոր ուժերով նետվել է գրոհի, գնդակ խփել չի կարողացել, սակայն բաց է թողել մրցակցի արդյունավետ հակագրոհը: Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչը հայտարարել է, որ Հայաստանի հետ վճռական հանդիպումն իսկական փորձություն է լինելու իր թիմի համար, իսկ գլխավորը արդյունքն է, հաղորդում է Vesti.ru-ն:
Հիշեցնենք, որ Իռլանդիայի հավաքականը Հայաստանի հետ խաղում ստիպված կլինի հանդես գալ առանց թիմի ավագ Ռոբի Քինի, որն Անդորայի հետ նախավերջին խաղում վնասվածք է ստացել: Ավագի թեւկապով խաղադաշտ դուրս կգա դարպասապահ Շեյ Գիվենը:
Մամուլի ասուլիսում Գիվենը հայտարարել է, որ նախորդ ինը խաղերում պարտություն չկրելն այժմ ոչ մի նշանակություն չունի Իռլանդիայի համար. գլխավորը Հայաստանի հետ հանդիպումն է եւ գնդակ բաց չթողնելը: «Եթե մենք կարողանանք պաշտպանել մեր դարպասը, ապա կշարունակենք պայքարը: Հուսանք, որ դա մեզ կհաջողվի: Հայաստանի ֆուտբոլիստներն իրական սպառնալիք են: Նրանք չունեն սուպերաստղեր, բայց բոլոր խաղացողներն էլ բարձրակարգ են եւ դա ապացուցել են վերջին երեք խաղերում 11 գնդակ խփելով»,- հայտարարել է Գիվենը:



























