Արգելված քաղաքը պալատային համալիր է, որը համարվում է ամենամեծն աշխարհում եւ բաղկացած է բազմաթիվ կառույցներից, տաղավարներից, հրապարակներից (ֆոտոռեպորտաժ)։
Պատմական շենքի լրիվ անունը Ցզինցզինչեն է, ինչը թարգմանվում է Ծիրանագույն արգելված քաղաք, ավելի ուշ մեկ այլ անվանում է հայտնվել՝ Գուգուն՝ Նախկին կառավարիչների պալատ, այն գրեթե դուրս է մղել նախորդ անվանումը։
Մին հարստության օրոք կառուցված պալատը զբաղեցնում է ավելի քան 700 հազար քառակուսի մետր, ունի 9 999 սենյակ եւ գտնվում է Չինաստանի մայրաքաղաքի կենտրոնում։ Պալատ կառուցելու գաղափարը պատկանում է կայսր Յունլեին, քանի որ նա ցանկանում էր մայրաքաղաքը Նանկինից տեղափոխել Պեկին։ Շինարարությունը շարունակվել է 15 տարի՝ պահանջելով հարյուր հազար հմուտ արհեստավորների, քարագործների, փայտագործների, նկարիչների եւ մոտ մեկ միլիոն շինարարների աշխատանք։ Արգելված քաղաքի հատակագիծն ուղղանկյուն է՝ 760-ը 960 մետրի վրա, շրջապատված ծիրանագույն պատով, որի ընդհանուր երկարությունը 3 400 մետր է, բարձրությունը՝ 10 մետր, լայնությունը հիմքի մոտ՝ ավելի քան 8,5 մետր։ Պատի շուրջ փորված է խրամ՝ լցված ջրով, լայնությունը՝ 52 մետր։ Դրա կառուցման վայրը որոշել են աստղագետները, եւ այն, նրանց կարծիքով, գտնվում է հենց երկրագնդի կենտրոնում։ Բոլոր շենքերի հիմնակմախքները կառուցվել են բարձրորակ փայտից եւ սյուներից, այդ թվում հարավարեւմտյան Չինաստանի ջունգլիների չինական դափնու ամբողջական ցողուններից։ Արգելված քաղաքի հիմնական գույները դեղինն ու կարմիրն են։ Պատերը, սյուները, դռները եւ պատուհանները հիմնականում ներկված են կարմիր գույնով, որը չինական մշակույթում համարվում է հաջողության եւ երջանկության խորհրդանիշը։ Մին եւ Ցին հարստությունների կառավարման ժամանակներում դեղին գույնը սկսել է խորհրդանշել գերագույն իշխանությունը եւ օգտագործվել է միայն կայսերական ընտանիքի կողմից։
Պալատն այնպես է տեղակայված, որ բոլոր ճակատամասերը նայեն դեպի հարավ, քանի որ լույսի այդ կողմն է բարօրության, բարեկեցության եւ բարգավաճման կողմը։ Չինացի կայսեր նստավայրը կառուցվել է դեպի հյուսիս ուղղությամբ՝ որպես երկնային Ծիրանագույն պալատի, այսինքն՝ Բեւեռային աստղի երկրային կերպար, որպեսզի արժանի տուն լինի Երկնային կայսեր համար։
Ամբողջ համալիրը բաժանված է երկու մասի։ Ներքին պալատը եղել է կայսեր անձնական կյանքի վայրը, իսկ արտաքինը՝ պետական։
Յուրաքանչյուր պալատային համալիր մտնելիս դարպասների մոտ կայսեր հանգիստը պահպանում են առյուծները։
Մուտքը երեք գլխավոր դարպաս ունի. դարպասներ, որոնցով մտնում էր կայսրը, ձախով՝ նրա եղբայրները եւ քույրերը, հարազատները, աջով՝ պաշտոնական անձինք։ Այդ գլխավոր դարպասներն օգտագործվել են միայն հանդիսավոր արարողությունների ժամանակ։
Մուտքից մինչեւ ելք ձեր ճանապարհին կհանդիպեն երեք գլխավոր տաղավարներ՝ Չժունհեդյան, Բաոհեդյան, Թայհեդյան։
Համալիրի առաջին մասում են գտնվում հինգ կամուրջները, ըստ Կոնֆուցիուսի սկզբունքների՝ մարդասիրության, արդարության, ծեսի, իմաստնության, անկեղծության։
Այստեղից Չինաստանը կառավարել են Մին եւ Ցին հարստությունների 24 կայսրեր։ Նրանց կառավարումն Արգելված քաղաքում տեւել է ընդհուպ մինչեւ 1911թ., որը բեկումնային է դարձել Չինաստանի համար։
Համալիրի բոլոր շինություններում կարելի է տեսնել կենդանիների տարատեսակ խեցե արձանիկներ։
Հյուսիսային մասում Կայսերական այգին է։
Արգելված քաղաքի ձեւավորումը համակված է փիլիսոփայական եւ կրոնական գաղափարներով եւ սկզբունքներով, որոնք վկայում են այդ թվում նաեւ այն մասին, որ կայսրը, չնայած իր մեծությանը, հարկ է, որ արդար եւ իմաստուն լինի։ Արգելված քաղաքի տարածքում կան բազմաթիվ գեղեցիկ եւ շքեղ շինություններ՝ տաղավարներ, զրուցարաններ, ճեմասրահներ, ինչպես նաեւ լճեր, գետեր, այգիներ։
Չինացի վերջին կայսր Պու Ին, որը գահից հրաժարվել է 1912թ., Արգելված քաղաքից հեռացել է միայն 1925թ.։
Ամեն տարի Գուգուն այցելում է 14 միլիոն զբոսաշրջիկ, առավելագույն թույլատրելի թիվը օրական 80 000 մարդն է։
1987թ. Արգելված քաղաքը չինական օբյեկտներից առաջինն է մտցվել ՅՈւՆԵՍԿՕ-ի ցուցակ։
Պեկինից՝ Պարույր Սինյավսկի



























