Աշխարհում առաջին բազմահարկ ավտոկայանատեղին հայտնվել է Լոնդոնում դեռևս 1901 թվականին՝ ավտոմեքենաների զանգվածային տարածումից շատ առաջ։ Յոթհարկանի շենքը կառուցվել էր Դենման փողոցում՝ Պիկադիլի սըրքուսի մոտակայքում, գրում է Jalopnik-ը։

Այն տեղավորում էր մինչև 100 մեքենա, իսկ դրանք հարկերի միջև տեղափոխելու համար օգտագործվում էր էլեկտրական վերելակ։

Իր ժամանակի համար այդ կառույցը բացառիկ առաջադեմ էր։ Մեծ Բրիտանիայի Ազգային ավտոմոբիլային թանգարանի գնահատմամբ, XX դարի սկզբին ամբողջ երկրում ընդամենը շուրջ 800 ավտոմեքենա կար։ Այսպիսով, լոնդոնյան ավտոկայանատեղին կարող էր միաժամանակ տեղավորել այն ժամանակվա բրիտանական ավտոպարկի մոտ մեկ ութերորդը։

Շենքը կառուցել էր City & Suburban Electric Carriage Company ընկերությունը, որը զբաղվում էր էլեկտրամոբիլների վաճառքով և սպասարկմամբ։ Այն ոչ միայն վաճառում էր մեքենաներ, այլև մատուցում էր դրանց լիցքավորման և պահպանման ծառայություններ։ Սեփականատերերը կարող էին էլեկտրամոբիլը թողնել ավտոտնակում, ապա զանգահարել հեռախոսով և խնդրել այն հասցնել անհրաժեշտ վայր։

Ընկերության հաճախորդների թվում եղել է նույնիսկ թագուհի Ալեքսանդրան։ 1901 թվականի մայիսին նա ձեռք էր բերել Columbia Victoriette երկտեղանի էլեկտրամոբիլ։ Մեքենան առանց վերալիցքավորման կարող էր անցնել մոտ 64 կիլոմետր և զարգացնել մինչև 32 կմ/ժ արագություն։ The Autocar ավտոմոբիլային պարբերականի տվյալներով, թագուհին անձամբ էր վարում մեքենան և գոհ էր դրա օգտագործման պարզությունից։

Այդ տարիներին էլեկտրամոբիլները մրցում էին ներքին այրման շարժիչով ավտոմեքենաների հետ, սակայն լիցքավորման կայանների զարգացած ցանցի բացակայությունն ու սահմանափակ ընթացքի պաշարը թույլ չէին տալիս, որ վերջիններս միանգամից դառնային հարմար միջոց երկար ճանապարհորդությունների համար։ Իսկ էլեկտրամոբիլները հատկապես լավ էին համապատասխանում քաղաքային շահագործման համար․ դրանք կարելի էր լիցքավորել հենց ավտոտնակում։

Աստիճանաբար բենզինային ավտոմեքենաների և ենթակառուցվածքների զարգացումը փոխեց շուկայում ուժերի դասավորությունը, իսկ էլեկտրամոբիլները տասնամյակներով զիջեցին նրանց առաջատար դիրքերը։ Սակայն բազմահարկ ավտոկայանատեղիի գաղափարը հաղթահարեց ավտոմոբիլային տեխնոլոգիաների փոփոխությունը և դարձավ ժամանակակից քաղաքների սովորական մասը։