Իտալիան տոնում է ԱՄՆ-ից 266 հնաոճ իրերի վերադարձը, ներառյալ էտրուսկյան սկահակները, հին հռոմեական մետաղադրամները եւ խճանկարները, որոնք մի քանի տասնյակ միլիոն եվրո արժեն, եւ որոնք թալանվել եւ վաճառվել էին ամերիկյան թանգարաններին ու մասնավոր հավաքորդներին, տեղեկացրել է PA Media-ն։

Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ վերադարձված առարկաների մեջ են արտեֆակտներ, որոնք վերջերս են հանվել Նյու Յորքի պահուստից, որը պատկանել է հնությունների բրիտանացի վաճառող Ռոբին Սայմսին։

Հռոմ ժամանած բեռան մեջ կան 65 առարկաներ, որոնք Հյուսթոնի Menil Collection թանգարանին առաջարկել է հավաքորդը, բայց մերժվել է։

Առարկաների մի մասը հանձնվել է Իտալիայի իշխանություններին երեքշաբթի, Մանհեթենի օկրուգային դատախազ Էլվին Բրեգի գրասենյակում։

Դրանց մեջ է Ապուլիի սկահակը՝ մ.թ.ա. 335թ. որը հուլիսին հանվել էր Նյու Յորքի մասնավոր հավաքածուից։

Սկահակը լուսանկարվել եւ ներառվել է դիլեր Ջակոմո Մեդիչիի հանրահայտ պոլարոիդային արխիվում, որը այն հանձնել է Սայմսին, որն էլ, իր հերթին, նմուշը «լվացել» է Լոնդոնի Sotheby's աճուրդի միջոցով», նշել է Բրեգի գրասենյակը։

Այլ իրերի մեջ են էտրուսկյան երկու հախճասալիկներ Չերվետերիից՝ հաճախ այցելվող դամբանատեղի Հռոմից հյուսիս-արեւմուտք, որոնք թվագրվում են մ.թ.ա. 440 թվականով։

Բրեգի գրասենյակի տվյալներով՝ այս սալիկները հափշտակվել էին 1980-ական թթ. եւ հայտնվել Սայմսի մոտ, որը 1992թ. դրանք վաճառել էր նյույորքցի հայտնի հավաքորդներ Շելբի Ուայթին եւ Լեոն Լեւիին 1,6 մլն դոլարով։

Իտալիայի ոստիկանության արվեստի բաժնի աշխատակիցների խոսքով՝ բոլոր 266 իրերի արժեքը բաց շուկայում կկազմի մի քանի տասնյակ միլիոն եվրո։