Ղազախստանում ինը մարդ Ալմաթի-Եկատերինբուրգ մայրուղում զոհվել է ահավոր ճանապարհատրանսպորտային վթարից, տեղեկացրել է Orda-ն։

Վթարը տեղի է ունեցել «Եկատերինբուրգ-Ալմաթի» մայրուղու նորոգվող հատվածում։ Այստեղ մի քանի կիլոմետր երթեւեկությունը միակողմանի է։

Նախնական տվյալներով՝ «Toyota Camry» մեքենայի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, դուրս է եկել հանդիպակաց գիծ եւ բախվել «Honda Odyssey»-ին։ 9 մարդ զոհվել, մեկ հոգի վիրավորվել է, տեղեկացրել է «Կազավտոժոլը»։

Նշվել է նաեւ, որ մայրուղու այդ հատվածը նախազգուշական նշաններ ունի, որոնք սահմանափակում են արագությունը՝ 50-70 կմ/ժ։

Հայտնի է դարձել, որ «Տոյոտա» մեքենայում 4 հոգուց բաղկացած ընտանիք էր, որոնցից 3-ը մահացել է։ Ողջ է մնացել 18-ամյա աղջիկը։ Նա հոսպիտալացվել է։ «Honda Odyssey-ում վեց հոգի էր։ Նրանք բոլորը մահացել են։