Առնվազն 18 մարդ է զոհվել Պակիստանի արևելյան Փենջաբ նահանգում ավտոբուսի վթարի և հրդեհի հետևանքով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին։

Վաղ առավոտյան ավտոբուսը, որ  հարավային Կարաչի նավահանգստային քաղաքից մայրաքաղաք Իսլամաբադ էր տեղափոխում 33 ուղևորի, բախվել է  բեռնատար մեքենայի։

Ավտոբուսն ու բեռնատարն անմիջապես բռնկվել են, ինչի հետևանքով 18 մարդ, այդ թվում՝ փոքր բեռնատարի վարորդը, տեղում մահացել են, հայտնել է Փենջաբի Հաֆիզաբադ շրջանի ոստիկանապետ Ֆահադ Ահմադը։

Նա տեղեկացրել է, որ ևս 16 մարդ ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Մահվան ելքով  ճանապարհատրանսպորտային պատահարները սովորական են Պակիստանում, որտեղ երթևեկության կանոններին հազվադեպ են հետևում, իսկ բազմաթիվ գյուղական վայրերում ճանապարհները վատ վիճակում են: