Hraparak.am–ը գրում է. «Հայկ Մարությանի` Երեւանի քաղաքապետ դառնալուց երկու ամիս անց՝ 2018-ի նոյեմբերին, քաղաքապետարանը քանդեց Նոր Նորք վարչական շրջանի Գյուրջյան 1/3 հասցեում գտնվող «Անի-97» ընկերության սեփականություն շինությունը: Քաղաքապետարանը հայտարարեց, թե այն կառուցվել է առանց շինթույլտվության: «Անի-97» ընկերությունը դիմել էր դատարան եւ առաջին ատյանի դատարանում շահել դատը. դատարանը որոշել էր, որ շինությունը քանդելու քաղաքապետարանի հանձնարարականն անօրինական է:

Այնուհետեւ գործը հասել էր Վարչական Վերաքննիչ դատարան, որտեղ այս տարվա մարտ ամսին կրկին հօգուտ ՍՊԸ-ի դատարանը որոշում է կայացրել․ դատարանը պարտավորեցրել է քաղաքապետարանին ՍՊԸ-ին կլորիկ գումար տրամադրել՝ մոտ 549 միլիոն դրամ։

Դատարանի որոշման մեջ նշված է․ «Երևանի քաղաքապետարանին պարտավորեցնել հայցվոր «Անի-97» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով ոչ իրավաչափ ճանաչված վարչարարության արդյունքում «Անի-97» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատճառված 548 միլիոն 910 հազար ՀՀ դրամի չափով վնասի հատուցման վերաբերյալ օրենքի ուժով ընդունված բարենպաստ վարչական ակտը»։

«Անի-97» ընկերության սեփականատիրոջ շահերի ներկայացուցիչ Արմեն Օհանյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ պատասխանող կողմը Վերաքննիչի որոշումը բողոքարկել է Վճռաբեկ դատարան․ վերջինս այն վարույթ ընդունել-չընդունելու վերաբերյալ դեռեւս որոշում չի կայացրել։

Ներկայացուցիչն անդրադառնալով սահմանված գումարի չափին, նշեց․ «Դատարանը հաշվի է առել գնահատված շուկայական արժեքները, որը մենք ներկայացրել ենք դատարան, իսկ դրան հակակշիռ Երեւանի քաղաքապետարանի կողմից այլ բան չի ներկայացվել։ Այսինքն, երբ Երեւանի քաղաքապետարանը կարող էր գնահատման այլ ակտ ներկայացնել, անգամ այդ պայմաններում չի ներկայացրել․ դատարանն ունեցել է բացառապես մեկ գնահատման ակտ, որը մեր ներկայացրածն է»։