Թայլանդում տղամարդը հոսպիտալացվել է՝ ընկնելով հյուրանոցի հինգերորդ հարկից, հայտնում է Asia One-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Կրաբի նահանգում։ Սինգապուրի մի քաղաքացի տեղավորվել է Krabi Seabass հյուրանոցում, որտեղ նախատեսում էր անցկացնել ընդամենը մեկ գիշեր։
Գրանցվելուց մեկ ժամ անց տղամարդն ընկել է հինգերորդ հարկի իր սենյակի պատուհանից։ Գետնին ընկնելուց առաջ նա հարվածել է պլաստիկե տանիքին:
Արդյունքում Սինգապուրի քաղաքացին ստացել է միայն կապտուկներ ու քերծվածքներ։ Չնայած դրան` ականատեսները շտապօգնություն են կանչել, իսկ բժիշկները տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց՝ հետագա հետազոտության համար։
Առայժմ հայտնի չէ, թե ինչու է տուժածն ընկել պատուհանից։ Նրա ընկերոջ խոսքով՝ վերջերս տղամարդը բժիշկներին է դիմել` հոգեկան խնդիրների պատճառով:





























