Հայտնի են դարձել ֆուտբոլի Եվրոպայի 2012թ. առաջնության անցումային խաղերի վիճականության արդյունքները: Իռլանդիայի հավաքականի մրցակիցը լինելու է անցումային փուլի նորեկը` Էստոնիայի հավաքականը:
Թուրքիայի հավաքականը խաղալու է Խորվաթիայի, Չեխիան` Չեռնոգորիայի, Բոսնիա եւ Հերցեգովինան` Պորտուգալիայի հետ:
UEFA-ի կայքը հայտնում է, որ առաջին խաղերը կայանալու են նոյեմբերի 11-12-ին, իսկ պատասխան խաղերը, նոյեմբերի 15-ին:
Նշենք, որ Եվրոպայի առաջնության մասնակցությունն արդեն ապահովել են Իսպանիան, Գերմանիան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիան, Նիդեռլանդները, Հունաստանը, Անգլիան եւ Դանիան: Նաեւ իր տեղն ապահովել է Շվեդիան, որպես լավագույն ցուցանիշներով երկրորդ տեղը գրաված հավաքական, ինչպես նաեւ առաջնության կազմակերպիչներ Լեհաստանն ու Ուկրաինան:
Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի վերջին խաղում Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 11-ին Դուբլինում 1:2 հաշվով պարտվեց Իռլանդիայի հավաքականին եւ 17 միավորով մնաց B խմբի երրորդ տեղում: Իսպանացի Իտուրալդե Գոնսալերի չափազանց վիճարկելի մրցավարության պայմաններում Հայաստանի հավաքականն առաջադրանքը կատարել չկարողացավ: Արդեն 27-րդ րոպեին Վարդան Մինասյանի թիմը մնաց տասը ֆուտբոլիստներով: Մրցավարը համարեց, որ տուգանային հրապարակից դուրս ձեռքով է խաղացել Ռոման Բերեզովսկին: Նա վերջին հույսի խախտման համար ստացավ կարմիր քարտ եւ հեռացվեց: Էդգար Մալաքյանի փոխարեն խաղադաշտ դուրս եկավ երիտասարդ ու անփորձ ֆուտբոլիստ Արսեն Պետրոսյանը:
Առաջին խաղակեսի վերջում, 43-րդ րոպեին Վալերի Ալեքսանյանը, փորձելով գնդակը դուրս բերել անկյունային, դարձավ ինքնագոլի հեղինակ:
60-րդ րոպեին Էյդեն Մաքգիդիի փոխանցումից հետո Ռիչարդ Դանը կրկնապատկեց հաշիվը: Դարպասապահ Արսեն Պետրոսյանը սխալվեց` չկարողանալով կասեցնել փոխանցումը:
Երկու րոպե անց Հենրիխ Մխիթարյանը Յուրա Մովսիսյանի փոխանցումից հետո կրճատեց հաշվի տարբերությունը` 2:1:
Սակայն փոխել հաշիվը Հայաստանի հավաքականը չկարողացավ, եւ Իռլանդիայի հավաքականը հաղթեց 2:1 հաշվով:



























