Չինաստանի հարավային Գուանդուն նահանգում ավելի քան 460 հազար մարդ է տարհանվել Սաոլա թայֆունի մոտենալու պատճառով, հայտնում է China Daily-ն։
Պարբերականի փոխանցմամբ, նահանգային կառավարությունը բարձրացրել է արտակարգ իրավիճակների արձագանքման իր պատրաստվածությունը ամենաբարձր մակարդակի: Նահանգի 13 քաղաքների տարրական և միջնակարգ դպրոցներին և մանկապարտեզներին խորհուրդ է տրվել հետաձգել ուսումնական տարվա սկիզբը սեպտեմբերի 4-ին, մոտ 85,000 ձկնորսական նավ է վերադարձել նավահանգիստ, իսկ 82 առափնյա հանգստավայր ժամանակավորապես փակվել է: Շուրջ 64,000 փրկարար և սպասարկող աշխատակիցներ պատրաստվել են նահանգի յոթ քաղաքներում:
Պարբերականի տվյալներով՝ օդերևութաբանական, հիդրոլոգիական և ծովային գերատեսչությունների կանխատեսումների համաձայն՝ գերթայֆունը պետք է հարվածի ուրբաթ երեկոյան Գուանդուն նահանգում։ Չինաստանի հարավում գտնվող Շենչժեն քաղաքի իշխանությունները ուրբաթ օրը կդադարեցնեն բոլոր հաստատությունների, առևտրային կազմակերպությունների և տրանսպորտի աշխատանքը։ Նրանց ծանուցման մեջ պարզաբանվում է, որ տեղական ժամանակով ժամը 16:00-ից բոլոր ընկերությունները, խանութներն ու շուկաները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը։ Եվս երեք ժամ հետո երթեւեկությունը կդադարեցվի։ Նահանգը դադարեցրել է 4,1 հազար գնացքների և 67 ջրային մարդատար երթուղիների շարժը։ Ցզյան Չաոշան միջազգային օդանավակայանում շուրջ 60 չվերթ է չեղարկվել։
Գուանդուն նահանգի հարավում գտնվող Հոնկոնգի օդերեւութաբանական աստղադիտարանը նույնպես բարձրացրել է փոթորկի նախազգուշացման իր մակարդակը նախավերջին մակարդակի, քանի որ թայֆունի էպիկենտրոնը կանցնի ծովում՝ քաղաքից 40 կմ հարավ։ Օդերեւութաբանները նշել են, որ քամու արագությունը թայֆունի կենտրոնում 43 մ/վ է, իսկ շառավիղը՝ մոտ 150 կմ։





























