Մեր նպատակն էր Արցախի մեր հայրենակիցներին եւս մեկ անգամ ցույց տալ, որ Արցախը մենակ չէ, որ արցախցին իր դժվարության մեջ մենակ չէ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Հայաստանում Արցախի մշտական ներկայացուցչության դիմաց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Մենք տեսնում ենք, թե ինֆորմացիոն ինչպիսի հոսքեր են տեղի ունենում որոշակի սեպ խրելու Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների միջեւ»,-ասաց նա:
Հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն մասնակցելու է այսօր Երեւանում տեղի ունենալիք հանրահավաքին, Տոնոյանը պատասխանեց. «Ես ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել մեր բազմահազար կուսակիցներին, ընկերներին, համակիրներին, որոնք մեր ֆեյսբուքյան կոչին արձագանքելով, այսօր այստեղ էին: Կարծում եմ՝ այսօր բոլորիս նպատակը մեկն ՝ ցույց տալու, որ Արցախն ու արցախցին մենակ չեն, իսկ վայրը, թե որտեղ է դա արվում, կարծում եմ՝ բացարձակ երկրորդական հարց է: Մենք նման քննարկում խորքային չենք ունեցել, մեզ համար կարեւորը մեր քաղաքական ուժի կողմից ցույց տալն էր, որ մենք մենք արցախցի հայրենակիցների կողքին ենք»:
Ինչ վերաբերում է Արցախում ստեղծված իրավիճակին, ԲՀԿ խոսնակն ասաց. «Այսօր գոյաբանական խնդրի առջեւ է Արցախը կանգնած եւ այդ խնդրի հանգուցալուծումը բացառապես գտնվում է աշխարհասփյուռ հայության, մեր ռազմավարական դաշնակիցների համատեղ ջանքերի եւ ազգային համախմբման միջոցով է միայն հնարավոր այս խնդիրը լուծել»:





























