Սպասվում է, որ «Հայկույ» թայֆունը կհարվածի Թայվանին հարավարևելյան Թայթունգ քաղաքի մոտ կիրակի տեղական ժամանակով ժամը 17:00-ի սահմաններում, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով կղզու Կենտրոնական օդերևութաբանական գրասենյակին:

«Հայկույը» կդառնա չորս տարվա ընթացքում առաջին թայֆունը, որն ուղղակիորեն կհարվածի կղզուն:

Օդերևութաբանական գրասենյակի տվյալներով՝ թայֆունը ներկայումս շարժվում է դեպի արևմուտք՝ ժամում 9 կիլոմետր արագությամբ, քամու արագությունը հասնում է ժամում 144 կիլոմետրի։ Սպասվում է, որ թայֆունը հորդառատ անձրևներ կբերի արևելյան Թայվան, հայտնել է աղբյուրը՝ հավելելով, որ առաջիկա 24 ժամում Հուալիան գավառի լեռնային շրջանում կարող է տեղալ ավելի քան 500 մմ անձրև:

Գրասենյակը նախազգուշացրել է, որ հորդառատ անձրևները կարող են առաջացնել հեղեղումներ և սողանքներ:

Կիրակի տեղական ժամանակով առավոտյան ժամը 7-ի դրությամբ, յոթ շրջանների և մունիցիպալիտետների ավելի քան 2800 բնակիչներ տարհանվել են, հայտնել է կղզու ներքին գործերի նախարարությունը:

Կիրակի Թայվանի հարավային և արևելյան յոթ շրջաններ և քաղաքներ դադարեցրել են դպրոցական պարապմունքներն ու  աշխատանքը: Բացի այդ, Յունլին  և հարակից Պենհու գավառները դպրոցներում դասերը և աշխատանքը  կդադարեցնեն կիրակի կեսօրից:

Թայվանի տրանսպորտի և կապի նախարարության տվյալներով՝ թայֆունի հետևանքով չեղարկվել է 222 ներքին և Թայվանից մեկնող 37 միջազգային չվերթ։